2007 թ. հունվարի 19-ին սպանվել է «Ակոս» -ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը


19-01-2007   | Թուրքիա  |  Մահվան տարելիցներ

Հրանտ Դինքը (արեւմտահայերեն արտասանությամբ Հրանդ Տինք ) նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երեւելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», որը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը: Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն: Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը: Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել` արդյո՞ք որեւէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը:

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված եւ իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով: Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին:
Թուրքիայի, Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր եւ սգո երթեր:

2007 թ. հունիսին ՀՀ նախագահի կողմից հետմահու մրցանակ է շնորհվել Հրանտ Դինքին: Ըստ ՀՀ նախագահի` առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան եւ մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:

Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը եւ եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ ե՛ւ պատվավոր, ե՛ւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը` փոքր կղզիներ են»:


 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից