Քոչարյանի գործով դատավորը նպատակահարմար է համարել, որպեսզի Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկա լինեն մայիսի 16-ի նիստին. «Արմենպրես»

15-05-2019 17:55:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին. Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց նաև դիտարկել հեռակապի միջոցով Արցախի ներկա և նախկին նախագահների  հետ կապ հաստատելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նրանց կարգավիճակը:
 
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը պարզաբանեց, որ  հեռակապի միջոցով  դատարանը հնարավորություն չի ունենա նրանց իրազեկել երաշխավորի պարտավորությունների մասին: «Անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի, նրան պետք է ներկայացվեն իր իրավունքներն ու պարտավորությունները, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետներին, շատ լավ տեղյակ եք, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի
19-ին,  որը կիրակի օր է: Մայիսի 18-ին շաբաթ օր է: Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ բացառում, բայց հնարավոր է այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանի ներկայությունն ապահովել, բայց պաշտպանական կողմը նաև պետք է հաշվի առնի, որ դատարանը պետք է դատական ակտ կայացնի, իսկ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ օրից ավել ժամանակ է պետք»,- մանրամասնեց դատավորը:
 
Դատավորը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին,
որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր:
 
Այնուհետև դատավորն ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, անդրադառնալով դատավորի դիտարկմանը, որ ցանկալի կլինի, որպեսզի Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ի դատական նիստին ներկա լինեն, նշեց, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները նրանք ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե՞ ոչ:
 
Մայիսի 14-ի դատական  նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր  Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 497 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար