Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա` 2018 թվականին կատարած աշխատանքները

15-05-2019 18:18:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա` 2018 թվականին կատարած աշխատանքները և ներկայացրել 2019-ի անելիքները:
 

1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով:
 
2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։
 
3. Վերանայվել է «Stent for Life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։
 
4. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժման ծրագիրը, որի արդյունքում 100-ից ավել քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն:
 
5. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որը մեկնարկել է ապրիլի 7-ից: Հեռավոր մարզերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ:
 
6. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար:
 
7. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով շահառուների ցանկում ընդգրկված շուրջ 230,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
 
8. Ավելացել են ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը: 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը 2019-ից կազմակերպվում է անվճար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Անվճար բժշկական օգնություն են ստանում նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր
նպաստառուները:
 
9. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։
 
10. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։
 
11. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 50-ի:
 
12. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 մեքենաներով։
 
13. Շահագործման են հանձնվել Վանաձորի, Սևանի և Արտաշատի նորակառույց բժշկական կենտրոնները, որտեղ տեղադրվել են նաև համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից սարքեր: Շուտով կշահագործվի նաև ժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ Գյումրիի բժշկական կենտրոնում: Ընթացքում են Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոնների կառուցման աշխատանքները:
 
14. 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար, մնացած 9 անվանումը ձեռք բերելու համար հայտարարվել է մրցույթ։
 
15. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Էականորեն ավելացվել են ծննդօգնությանը հատկացվող միջոցները:
 
16. Պետական պատվերի միջոցները բաշխվել են համահարթեցման սկզբունքով։ Մարզերին ցուցաբերվել է հատուկ մոտեցում։
 
17. Մարզերի և Երևան քաղաքի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը:
 
18. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ:
 
19. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:
 
20. Սկսվել է համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակումը:
 
21. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով մշակվել է բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքների մահճակալների մասին տեղեկատվության առցանց հասանելիության համակարգ։
 
22. Դեղերի օրենքից բխող 8 իրավական ակտ է ընդունվել, որոնց միջոցով կարգավորվում են դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմները:
 
23. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։
 
24. Վերսկսվել է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր:
 
25. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային առողջապահության համար գնված հայկական արտադրության թվով 2420 դյուրակիր համակարգիչներ, որոնք բաշխվելու են բուժհաստատություններին։ Դրանք թույլ կտան հեշտացնել պացիենտների տվյալների մուտքագրումը համակարգ։
 
26. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում, որի շնորհիվ փրկվել է 56-ամյա կնոջ կյանք:
 
27. Մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:
 
28. 2019 թվականի փետրվարից երկիրն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020 թվականն ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:
մարզեր:   25.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 558 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար