Մինչ Ռուսաստանին ու Թուրքիային մեղադրելը պետք է լրջացնենք մեր արտաքին քաղաքական մոտեցումները

17-07-2019 11:54:17   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 


-Պարոն Մելքոնյան, մամուլը գրում է, որ Թուրքիան հնարավոր է դուրս մնա ՆԱՏՕ-ից՝ հաշվի առնելով C-400 համալիրների գործարքը Ռուսաստանի հետ։ Որքանո՞վ եք կիսում նման գնահատականները՝ հաշվի առնելով, որ հուլիսի 15-ին էլ ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս վիճակը։
 
-Ընդհանրապես, Թուրքիայի և իր արևմտյան դաշնակիցների հարաբերություններում տեղի են ունենում որոշակի տրանսֆորմացիոն գործընթացներ, և դա ունի երկու պատճառ։ Առաջինը, որ փոխվել են Թուրքիայի նկրտումները, և նա հանդես է գալիս ոչ թե Արևմուտքի կրտսեր գործընկեր, այլ փորձում է հանդես գալ որպես արևելյան ինքնուրույն խաղացող, արևելյան գերտերություն։ Բնական է, որ դա պետք է փոխի նրա գործելաոճի որոշ տարրեր։ Երկրորդ՝ արդի աշխարհում փոխվում են որոշակի կարծրատիպեր, և կարող ենք ասել, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, շատ բնական է համարում, որ կարող է զենք գնել այն երկրից, որը տասնամյակներ շարունակ համարվել է ՆԱՏՕ-ի թիվ մեկ թիրախը՝ նախկինում ԽՍՀՄ-ը, այսօր Ռուսաստանը։
 
Միաժամանակ պետք է փաստել, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները և Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ունեն շատ խորքային, կարևոր հիմքեր, և շատ դժվար է այդ հիմքերն արագ քանդել, դժվար է  կանխատեսել, որ կարճ ժամանակում Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից և այդ խորքային համագործակցությունը դադարեցնել։ Այդ համագործակցությունն ունի բազմաթիվ շերտեր, Թուրքիային և Արևմուտքին իրար կապող բազմաթիվ շահեր, և չեմ կարծում, որ C-400-ների վաճառքը կարող է բեկումնային տեղաշարժ մտցնել այդ հարցում։ Ինչ խոսք, լարվածությունը կա, այն կարող է նաև աճել, բայց ՆԱՏՕ-ից Թուրքիայի մոտալուտ դուրս գալը կանխատեսելն այս պահին, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ, քանի որ դա լուրջ և տարբեր
բաղադրիչներ ունեցող պրոցես է։
 
-Հայաստանը պե՞տք է արձագանքի այդ գործարքին և իր դժգոհությունը հայտնի Ռուսաստանին C-400-ների գործարքի համար։
 
-Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանը պետք է արձագանքի կամ կարձագանքի, որովհետև առանց այդ էլ Թուրքիան ռազմական մեծ ներուժ ունեցող պետություն է, և C-400-ների վաճառքը, չեմ կարծում, որ ավելացնելու է Հայաստանի հանդեպ սպառնալիքը։ Թուրքիան արդեն իսկ սպառնալիք է Հայաստանի համար, և C-400-ի ավելացումը նրա ռազմական պոտենցիալում, չեմ կարծում, որ էականորեն փոխելու է նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Այն ինչպես բացասական եղել է, շարունակելու է մնալ բացասական։ Այլ բան է, որ Հայաստանը պետք է շարունակի իր կարծիքը և իր արդար բողոքը հայտնել Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված։ Իսկ Թուրքիային զենք վաճառելը այլ օպերայից է։
 
-Ի դեպ, Կարո Փայլանն էր անդրադարձել այդ գործարքին՝ գրելով, որ այն մարդիկ, որոնք ոգևորված են C-400-ների գնմամբ, խորհուրդ կտամ կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։
 
-Թուրք-ռուսական հարաբերությունների բարելավումը հայկական հավաքական ինքնության մեջ ունի ցավոտ հիշողություններ, մանավանդ բոլշևիկների և քեմալականների հարաբերությունները անցյալ դարի սկզբին, բայց դա պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական պրոցեսների մեջ և տեսնել, թե հայկական կողմի պահվածքն ինչպիսին էր այդ ժամանակ: Եվ մինչ Ռուսաստանին ու Թուրքիային մեղադրելը, ես կարծում եմ՝ ևս մեկ անգամ պետք է լրջացնենք մեր արտաքին քաղաքական մոտեցումները։ Մենք իսկապես խնդիր ունենք պատմությունից դասեր քաղելու, այդ թվում և Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավումից։ Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ աշխարհում որևէ երկիր որևէ երկրի խորքային առումով բարեկամ չէ, ամեն երկիր ունի իր շահերը, և համագործակցում են այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են։
 
-Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից հայկական կողմը ի՞նչ կարող է սպասել։
 
-Դա կարծրատիպ է, որ հայկական կողմը միշտ տուժում է ռուս-թուրքական հարաբերություններից։ Այդ կարծրատիպը ձևավորվել է բոլշևիկների ու քեմալականների հարաբերության համապատկերում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ուղղակի վարենք զգոն և լուրջ քաղաքականություն և հասկանանք, որ այսօր կարող են Ռուսաստանի հարաբերությունները բարելավվել Թուրքիայի հետ, վաղը կարող են ավելի ջերմանալ Իրանի հետ, հաջորդ օրը կարող են ավելի լավանալ Ադրբեջանի հետ։ Դա կանխատեսելի չէ, և մենք, ընդհակառակը, պետք է ունենանք բազմավեկտոր քաղաքականություն՝ հաշվի առնելով հնարավոր մոտ և ապագա վտանգները, այլ ոչ թե հույս ունենալ, որ Թուրքիան և Ռուսաստանը միշտ կմնան թշնամիներ, և մենք դրանից կօգտվենք։ Հիմա հռետորական հարց, բա որ մի օր հանկարծ բարեկամ դառնան, այդ դեպքում ի՞նչ ենք անելու, ո՞ւր է մնալու մեր ինքնապաշտպանական բնազդը։
 
Մենք պետք է ավելի լուրջ մոտենանք և ունենանք քաղաքական տարբեր հաշվարկների վրա հենված մոտեցումներ։ Իսկ թուրք-ռուսական հարաբերություններից բխեցնել, որ անպայմանորեն դա ունենալու է հակահայկական բնույթ, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ։ Միգուցե
կարելի է առաջնորդվել չինական ասացվածքով, որ փոթորիկների ժամանակ երբեմն հողմաղացներն էլ են աշխատում։ Միգուցե թուրք-ռուսական հարաբերությունների լավացումից մենք փորձենք տեսնել հայկական ինչ-որ շահ կամ գոնե հնարավորություն հայկական շահն առաջ տանելու համար։
 
-Որքանո՞վ է հավանական, որ ԱՄՆ-ը ևս կմիանա Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներին՝ հաշվի առնելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այդքան էլ վատ փուլում չեն գտնվում։ Վերջերս Թրամփն է հայտարարել, որ թեև չեն ողջունում, բայց նաև չեն խոչընդոտի Թուրքիային C-400-ներ ձեռք բերելու հարցում։
 
-Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, չնայած կարող ենք տեղավորել Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների համատեքստում, այնուամենայնիվ ունեն իրենց առանձնահատուկ բնույթը և չպետք է սպասել, որ ԱՄՆ-ն սինխրոն կգործի ԵՄ-ի հետ։ Չնայած այս դեպքում համանատոյական շահ է, և կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն նույնպես որոշակի պատժամիջոցներ կկիրառի, մանավանդ որ նախադեպեր շատ են եղել նախկինում, երբ ԱՄՆ-ն Թուրքիայի հանդեպ տնտեսական, քաղաքական, ռազմական սահմանափակումներ է մտցրել, պատժամիջոցներ է կիրառել։ Բայց կարող ենք ասել, որ այս պարագայում ԱՄՆ-ի քաղաքականությունը նաև իր նախագահի միջոցով անկանխատեսելի է, և կարող են լինել ինչպես խիստ պատժամիջոցներ, այնպես էլ անսպասելիորեն այդ պատժամիջոցների ակնկալիքի չեզոքացում։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 610 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար