Հատուկ դպրոցի տնօրենի կողմից յուրացման և խարդախության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

13-09-2019 16:57:26   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և վերջինիս տեղակալի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
 
Այսպես՝ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև՝ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015, 2016 և 2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ:
 
Մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով
փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ:
 
Քննության տվյալներով՝ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում ավել են հաշվառվել փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով, հիշյալ աշակերտների անվամբ դպրոցի պահեստից ելքագրելով և վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:
 
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու այլ դեպքերի վերաբերյալ ևս:
 
Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը տնտեսական գծով փոխտնօրենի խնդրանքով իր աշխատավարձի բանկային պլաստիկ քարտից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից նրան փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, կանխիկացված գումարներից փոխտնօրենին առձեռն հատկացրել է ընդհանուր նրա բանկային պլաստիկ քարտին փոխանցված 13.385.883 ՀՀ դրամից 5.779.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 7.606.883 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:
 
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրենը դպրոցի երկու աշխատակցի աշխատավարձի բանկային պլաստիկ քարտը դպրոցի հաշվետարից ստացել է, սակայն այն չի տրամադրել նրանց և 2013-2017թթ. և 2014-2016թթ. ընթացքում անձամբ կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից ելքագրված և աշխատակիցների բանկային քարտին փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, առձեռն հատկացրել է նրանց բանկային պլաստիկ քարտին ընդհանուր փոխանցված 3.980.563  և 3.735.993 ՀՀ դրամ գումարներից մի դեպքում 2.637.000, իսկ մյուս դեպքում 2.730.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ խոշոր չափերով 1.343.562  և 1.005.993 ՀՀ դրամ գումարները խարդախությամբ հափշտակել է:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին
կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ), իսկ տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար