Այդ տարիների քաղաքական դերակատարների ցանկացած հայտարարություն պայթյունի էֆեկտ է ունենալու

16-09-2019 11:55:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
 


-Պարոն Նորիկյան, Անդրանիկ Քոչարյանը բարձրաձայնում է, թե ինչու «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Աղվան Հովսեփյանը, չի ներգրավվում այս գործում։ Ինչո՞ւ գործում Աղվան Հովսեփյանը չկա։
 
-Պարտադիր չէր սպասել, որ Անդրանիկ Քոչարյանը նման արձանագրում անի, որպեսզի մենք հասկանանք, որ վարույթն իրականացնող մարմնի համար արդյոք բոլոր սուբյեկտներն են դարձել հետաքրքրության առարկա։ Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, այդ թվում նաև թե Աղվան Հովսեփյանի, թե Սերժ Սարգսյանի, հայտնի օլիգարխների «Մարտի 1»-ի գործի շրջանակներից դուրս մնալու հանգամանքի մասին։ Բնականաբար, այդ հարցադրումը ես համարում եմ ճիշտ, կարծում եմ՝ որևէ մեկը այս գործի շրջանակներից պլստալու հնարավորություն չպետք է ունենա։ Այդ շրջանակը պետք է լրացվի, բոլոր մարդիկ, որոնք ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն են ունեցել
, և այդ առնչությունը խարսխված է քրեաիրավական հատկանիշներ պարունակող հանգամանքներին, այսինքն այդ մարդկանց գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, բնականաբար և միանշանակ այդ մարդկանց արարքին պետք է տրվի իրավական գնահատական, և նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
 
Հարցի երկրորդ մասն այն է, թե այնուամենայնիվ, ինչու է վարույթն իրականացնող մարմինն այս պահին ձեռնպահ մնում այդ անձանց արարքներում քրեական գնահատական տալուց։ Դա արդեն վարույթն իրականացնող մարմնի մարտավարությունն է կամ մարտավարական քայլն է, որի հետ կարող ենք համաձայն լինել կամ չլինել։ Ես անձամբ համաձայն չեմ, ես կարծում եմ, որ այդ մարդկանց արարքներին վաղուց պետք է տրվեր իրավական գնահատական, և նրանք պետք է դատաիրավական, առնվազն մեղադրյալի կարգավիճակ ունենային։ Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Անդրանիկ Քոչարյանի ասածի մեջ ավելի կարևոր կետ կա, որն այնքան էլ ուշադրության չարժանացավ։ Ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը, լինելով քաղաքական մեծամասնության վառ ներկայացուցիչներից մեկը, ըստ էության, հրապարակավ արձանագրել է, որ Աղվան Հովսեփյանը դարձել է «մարտի 1»-ի քրեական գործով ներկայում վարույթ իրականացնող մարմնին աջակցող։ Եթե դա զուտ կարծիք է, դա մի բան է, իսկ եթե դա հստակ հայտնի հանգամանք է, դա արդեն իսկապես հետաքրքիր երևույթ է։
Տեսնենք, թե ինչպիսին կլինեն զարգացումները։
 
-Այսինքն՝ Աղվան Հովսեփյանին խնայո՞ւմ են։
 
-Ես չգիտեմ՝ ում են խնայում, ում չեն խնայում, բայց ինձ համար կարմիր գիծ կա «մարտի 1»-ի գործով։ Ընդհանրապես, եթե մենք խոսում ենք օրինականության գործընթացի վերականգնման մասին, իրավական պետություն կառուցելու անշրջելիության մասին, ուրեմն պետք է հստակ գիտակցենք, թե ում անուն ազգանունն էլ լիներ, որ անկախ նրանից, թե նա ինչ ծառայություններ է մատուցել, եթե այդ անձի արարքում կան այնպիսի հատկանիշներ, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն, միանշանակ է, որ դրան պետք է տրվի իրավական գնահատական։ Բայց միայն Աղվան Հովսեփյանը չէ։ Այո, Աղվան Հովսեփյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության իրավական ապահովման թիվ մեկ պատասխանատուն, և նրա ուղղակի կարկառուն ջանքերի գործադրման արդյունքում է վիժեցվել «մարտի 1»-ի ամբողջական բացահայտումը։ Մարդիկ ժամանակին չեն բացահայտել «մարտի 1»-ը, լինելով դրա պատասխանատուն, ուստի ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ արարքներին մինչև հիմա գնահատական չեն տալիս։
 
-Մամուլում գրվում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից մեկն է, պատրաստվում է դատավարության ընթացքում նախկին իշխանություններին առնչվող աղմկոտ բացահայտումներ անել, մարդկանց անուններ տալ ու նշել, թե այդ ինչ արշավ է եղել իր և իր ընտանիքի դեմ։ Այդ ենթադրյալ աղմկոտ բացահայտումները կարո՞ղ են շրջադարձային լինել «մարտի 1»-ի գործի համար։
 
-Ես ոչինչ չեմ բացառում, որ նշված գործով որևէ ամբաստանյալի կողմից արված հայտարարություն կարող է շրջադարձային լինել քրեական գործի առումով, որովհետև այդ գործով ներգրավված անձանց շրջանակն այնպիսին է, որ ցանկացածի հայտարարությունը կարող է էական նշանակություն ունենալ և բեկումնային հետևանքներ առաջացնել։ Հիշենք, որ նախկին երկու նախագահները նույնպես այդ գործում վկայի կարգավիճակ ունեն, գործով անցնում են բազմաթիվ պատգամավորներ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում Սեյրան Օհանյանը։ Այսինքն մենք գործ ունենք մի պրոցեսի հետ, որ այդ տարիների գործընթացների, քաղաքական իսթեբլիշմենտում տիրող տրամադրությունների, նրանց կայացրած որոշումների, նրանց ստվերային գործողությունների վերաբերյալ փաստերի մասին հայտարարություններն ուղղակի պայթյունի էֆեկտ են ունենալու։ Կապրենք կտեսնենք, թե ինչպիսի հայտարարություններ կարվեն Սեյրան Օհանյանի կամ մնացած այլ անձանց կողմից։
 
-Դուք բազմիցս շեշտել եք, որ «մարտի 1»-ի գործի տեմպերը դանդաղում են։
 
-Ես գիտակցում եմ այս գործի ծավալուն լինելու հանգամանքը, գիտակցում եմ, որ դա իրենից ենթադրում է մեծ ջանքեր ու ռեսուրսներ։ Բայց ինձ համար «մարտի 1»-ի ամբողջական բացահայտում նշանակում է 10 քաղաքացիների սպանությունների լիարժեք բացահայտում։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք ունենք զրոյական արդյունք։ Քանի դեռ չեն բացահայտվել «Մարտի 1»-ի գործով 10 քաղաքացիների սպանողները և այդ սպանությունների կազմակերպիչներին և նրանց արարքներին կոնկրետ իրավական գնահատական չի տրվել, ես համարելու եմ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջական ավարտուն տեսք չի ստացել։
 
Ինչ վերաբերում է տեմպերի դանդաղ ընթացքին, և թե դա ինչ վտանգ է իր մեջ պարունակում, ապա եկեք անկեղծ արձանագրենք, որ այն անձանց շրջանակը, որոնք այսօր «Մարտի 1»-ի գործի շրջանակներում գտնվում են մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում, նրանք նաև շահարկում են այս գործընթացը։ Իսկ ժամանակի ընթացքը որոշակի ուշադրություն է սևեռում իրենց վրա, նրանք փորձում են քաղաքական բաղադրիչ մտցնել այս ամբողջ գործընթացի մեջ՝ գլխներին դնելով քաղբանտարկյալի պսակը։ Սա անթույլատրելի է, որովհետև մենք գործ ունենք իր բնույթով այնպիսի քրեական գործընթացի հետ, որն ուղղակիորեն իրականացվել է բոլորիս աչքի առաջ, զանգվածային մասշտաբով, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, խուժանի ներգրավմամբ, որի հետևանքով ունեցել ենք այդ սպանությունները, բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, հարյուրավոր ապօրինի դատավարությունները, հրապարակված դատական ակտերը, ու հիմա այդ կոնտինգենտը, ունենալով ահռելի նյութական, քարոզչական միջոցներ, տպավորություն է  ստեղծում, որ իրականացվող գործընթացը որևէ կապ չունի իրավականության հետ, և իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Սա շատ վտանգավոր է նաև այն առումով, որ այդ քարոզչությանը, աջակցությանը գումարվում է նաև արտաքին աջակցությունը՝ իր տարբեր դրսևորումներով, անգամ ամենաբացահայտ աջակցության դրսևորումներով, ինչը կարծում եմ՝ այս գործընթացին անգամ աշխարհաքաղաքական նշանակություն է ապահովում։ Սա չի բխում Հայաստանի պետական շահերից։
 
Ուզում եմ արձանագրենք շատ հստակ՝ «Մարտի 1»-ի գործով հավասարաչափ պատասխանատվություն են կրում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը՝ անկախ իրենց այսօրվա պատկերացումներից։ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, իսկ այդ ձերբակալությունները, կալանավորումները կատարվել են մինչև ապրիլի 9-ը, այսինքն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, երբ նա փաստացի և դե յուրե Հայաստանի նախագահն էր։ Սերժ Սարգսյանն էլ փաստացի և դե յուրե ՀՀ վարչապետն էր, այսինքն գործադիր իշխանության ղեկավարը, որի կազմում էին ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը։ Ուստի այս առումով էլ Սերժ Սարգսյանը խուսափելու և փախչելու տեղ չունի։ Ռոբերտ Քոչարյանի այդ դիրքորոշումները իրենց ներքին խնդիրն է, թող իրենք էլ դա լուծեն։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 406 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար