Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության նիստում

16-09-2019 13:45:28   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում  է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին:
 
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում: 
 
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է  թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը: 
 
Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու  տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:
 
«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ
ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված  ենք ինչպես ենթակառուցվածքային,  այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը:
 
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն:
«Հայաստանը ներկայում  իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,-նշել է նախարարը: 
 
Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում,  էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում: 
«ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը: 
 
Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել  ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային
մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին: 
 
Ամփոփելով ելույթը՝ նախարարը բոլոր մասնակիցներին հրավիրել է ներկա գտնվել Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:
 
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։ 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 230 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար