2020 թվականից Հայաստանի բոլոր զորամասերը կանցնեն սննդի կազմակերպման նոր համակարգի․ վարչապետ

16-09-2019 13:53:41   | Հայաստան  |  Հասարակություն
 


Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313․2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247․8 մլրդ դրամի դիմաց։ 
 
Ինչպես սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ՀՀ կառավարությունը 2․1 մլրդ հավելյալ միջոցներ է տրամադրել  զինվորների մարտական դիրքերի պայմանները բարելավելու համար, այդ թվում՝ մարտական դիրքերը հոսող ջրով ապահովելու համար։ 
 
Ըստ նրա՝ 2019 թ․
հունիս-օգոստոս ամիսներին մոտ 5 տոկոսով ավելացել է արևային էներգիայով սնուցվող դիրքերի քանակը։ 
 
Ն․ Փաշինյանի փոխանցմամբ՝ 5-10 տոկոսով ավելացել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը։ 
 
«Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքը, իսկ առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի՝ ցերեկային, ջերմատեսիլ և համակցված տեսախցիկների, քանակները։ Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2020 թվականին պետական բյուջեով ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով։ 
 
Ն․ Փաշինյանն անդրադարձավ նաև ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման խնդրին և նշեց, որ մեկնարկել է նոր համակարգի ներդնումը։ 
 
Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումն արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 
 
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ սննդի կազմակերպման նոր համակարգի է անցել 16 զորամաս, իսկ մինչև 2020 թվականի երրորդ եռամսյակում այն կգործի Հայաստանի բոլոր զորամասերում։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5625 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար