Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները. Ermenihaber.am

16-09-2019 18:09:09   | Թուրքիա  |  Վերլուծություն
Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ)  պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել այն համատեքստերը, որտեղ որոշակիանում են ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները։ 
 


Ըստ Վասկովի՝ Ռուսաստանում ընդունված է խոսել բազմավեկտոր քաղաքականության և եվրասիական նախագծերի մասին, որոնք պահանջում են լավ հարաբերություններ և փոխգործակցություն Թուրքիայի հետ: 
 
Միևնույն ժամանակ հեղինակը նշել է, որ չնայած չի կարելի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները թերագնահատել, այնուամենայնիվ ռուս-թուրքական հարաբերություններում կան ասպեկտներ, որոնք երկիմաստ են. պարունակում են և՛ որոշակի հեռանկարներ, և՛ որոշակի սպառնալիքներ, որոնք կարող են ոչ հեռու ապագայում ակտուալ դառնալ:
 
Ռուս պրոֆեսորը, նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների «բարելավումը» և «ռազմավարական գործընկերությունը» իրականացվում են արտաքին քաղաքական մի շարք համատեքստերում, որոնք կարող են փոխվել Ռուսաստանի համար անբարենպաստ ուղղությամբ, համոզմունք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի շատ նախագծային-իրավիճակային են, քան երկարաժամկետ ռազմավարական:
 
Վասկովը առաջինն առանձնացրել է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:
 
«Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է և շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, խնդիրն անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեջ է. այն փաստի մեջ, որ ԱՄՆ-ն շարունակում է որպես պահեստային դերակատարի պատսպարել այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին  Ֆեթուլլահ Գյուլենն է, չնայած նրա հնարավոր էքստրադիցիայի մասին բոլոր խոսակցություններին, ինչպես նաև քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն է», -նշել է հեղինակը։
 
Իսկ Ռուսաստանի տեսանկյունի մասին ռուս փորձագետը նշել է, որ ամերիկյան գործոնը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցում խթանող, առաջ մղող նշանակություն ունի: Հենց այդ համատեքստում Թուրքիայի կողմից Ս-400 ԶՀՀ ձեռքբերումը Ռուսաստանում համարվում է դարակազմիկ հաղթանակ ԱՄՆ-ի նկատմամբ: Սակայն մասնագետը նշել է, որ այդ ընկալումը մասամբ է ճիշտ: Իսկ այս գործարքի հիմնական գործոնը նա համարում է ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այլ ԱՄՆ-ից ազատագրվելու, ներքին լսարանին իր ուժն ու անկախությունը ցույց տալու ցանկությունը:
 
Որպես ռուս-թուրքական հարաբերությունների մեկ այլ կարևոր համատեքստ հեղինակը նշել է հարաբերություններն Ուկրաինայի հետ: Փորձագետն առանձնանցրել է Թուրքիայի համար ռուս-ուկրաինական օրակարգը, որտեղ հիմնական գործոնը Ղրիմը և Ղրիմի թաթարների հարցն է, և Ռուսաստանի օրակարգը, այն է՝ Եվրոպային ռուսական գազի մատակարարման այլընտրանքային ուղիներն ամրապնդելու ցանկությունը:
 
Հեղինակը նշել է, որ Թուրքիայի  ուկրաինա-ռուսական համատեքստը՝ պայմանավորված Ղրիմի և Ղրիմի թաթարների հարցով, չի կարող գոհացնել ռուսական կողմին: Հեղինակի խոսքերով, այս հարցը Թուրքիայում դիտարկվում է որպես պանթյուքիստական կամ նեոօսմանական ծրագրի
բաղադրիչ, իսկ այդ ծրագիրը թիրախավորում է Ռուսաստանում ապրող գրեթե բոլոր թյուրք ժողովուրդներին:
 
«Պանթյուքիատական, նեոօսմանական ծրագրի տրամաբանության մեջ Ռուսաստանը Թուրքիայի համար, ոչ թե դաշնակից է կամ գործընկեր, այլ պատմական հակառակորդ է և օբյեկտ իր նվաճողական քաղաքականության համար, որը հիմնվում է Ռուսաստանի մի շարք ժողովուրդների Թուրքիայի հետ էթնիկ կրոնական ընդհանրության վրա», -նշել է հոդվածի հեղինակի։
 
Նա նշել է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությանը և խրախուսում է Ղրիմի թաթարների անջատողականության և հակառուսական տրամադրությունները: Փորձագետը ուշադրություն է հրավիրել ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանի այս հարցում ագրեսիվ հռետորաբանությանը Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարը ոչ թե չեզոք ձևակերպումներ է օգտագործում այլ՝ անեքսիա:
 
Ըստ Վասկովի, փաստորեն, Թուրքիան, չճանաչելով Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ և հաստատապես սատարելով ուկրաինական դիրքորոշմանը, հայտարարում է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու իր մտադրության մասին և փորձում է իր շահերից ելնելով ազդել Ռուսաստանի պետական ​​քաղաքականության վրա ՝ շահարկելով որոշակի էթնիկ խմբի ՝ Ղրիմի թաթարներին:
 
Այս համատեքստում Վասկովը ներկայացրել է Ռուսաստանի համար գոյություն ունեցող պանթյուքիստական տրամադրությունների  վտանգները՝ նշելով, որ Ռուսաստանի ժողովուրդներին առաջարկվում է ինքնության բոլորովին այլ ձև ՝ հիմնված թյուրքական ինքնության և իսլամի վրա, որը տարբերվում է ռուսական քաղաքացիական քաղաքական ինքնությունից: Ըստ հեղինակի՝ Թուրքիայի այս քաղաքականությանը սատարելու համար ստեղծվում են ցանցային կառույցներ, որոնք, ինչպես ցույց է տալիս Կովկասում հակամարտությունների փորձը 1990-ականներին, շատ արագ վերափոխվում են հակառուսական քարոզչություն, այնուհետև ՝ ռազմաքաղաքական մոբիլիզացիայի: Այս կառույցները կհաջողեն, եթե Ռուսաստանում իրականություն դառնա քաղաքական խնդիրների և կենտրոնական իշխանության թուլացման սցենարը։
 
Վասկովն, անդրադառնալով Ուկրաինայի հարցում ռուսական օրակարգին, նշել է, որ Թուրքական հոսքը ուժեղացնում է Ռուսաստանի՝ որպես արտահանող երկրի դիրքերը և ավելի քիչ կախվածություն ստեղծում ուկրաինական կողմի քմահաճույքներից։
 
Սակայն հոդվածի հեղինակը ընդգծել է, որ Թուրքական հոսքը ոչ միայն օգուտ է, այլև վտանգ է Ռուսաստանի համար: Բանը նրանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում այս նախագիծը դառնում է հարմար գործիք Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար: Նման կարծիքի հիմքում ռուս փորձագետի դիտարկումն է առ ան, որ Ռուսաստանից լավ գնով ձեռք բերված  գազը և տրանզիտից ստացված հասույթը Թուրքիայի համար թեև հաճելի ձեռքբերում են, բայց կրիտիկական և համակարգային նշանակություն չեն ունենա: Իսկ ահա Ռուսաստանի դեպքում իրավիճակը հակառակն է, քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտը և դրա  էներգետիկ բաղադրիչը դեռ շատ երկար կտևի։
 
Վասկովը նշել է, որ Ռուսաստանի համար թե՛ Հյուսիսային, թե՛ Թուրքական հոսքերը  խոցելի են՝ համոզմունք հայտնելով, որ խոցելիության մեծ աստիճանը հենց հարավային ուղղությունն է: Ըստ ռուս փորձագետի՝ միանգամայն հնարավոր հեռանկար է, որ Թուրքիան կարող է սպառնալ գազի արտահանման հոսքի արգելափակմամբ և նրանով, որ այն բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հեղինակության վրա: Վասկովը չի բացառել նաև, որ Թուրքական հոսքը կարող է Թուրքիայի ձեռքին գործիք դառնալ Եվրամիությանը հնարավոր շանտաժի ենթարկելու համար: Որպես նախադեպ Վասկովը հիշեցրել է միգրացիոն ճգնաժամի ընթացքում Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները. Թուրքիայում ճնշումների և փաստացի շանտաժի քաղաքականությունը միանգամայն ընդունելի են։
 
Հաջորդ ցավոտ կետը, որը առանձնացրել է ռուս փորձագետը, Սիրիան է: Ըստ նրա՝ քրդերի դեմ Էրդողանի գործողությունները Ռուսաստանի համար ծայրահեղ կարևորության հարց չեն, բայց նույնը չի կարելի ասել Բաշար Ասադի դեմ նրա գործողությունների վերաբերյալ:  Վասկովը նշել է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեն թե՛ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի ուղղակի բախման վտանգը,  թե՛ Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները զիջումների գնալու ի վնաս Ասադի։
 
Որպես ասվածի վառ օրինակ հոդվածագիրը նշել է բախումները Իդլիբի շրջանում: Նրա խոսքերով, թեև Էրդողանն ու Ասադը վաղուց արդեն, մեղմ ասած, ընկերներ չեն, բայց Ռուսաստանը սատարում է Ասադին, որը քիչ ցանկություն ունի հանդուրժելու Թուրքիայի կողմից իր երկրի ինքնիշխանության խախտումը:
 
Վասկովը, անդրադառնալով հարցին, թե կողմերը այս վերոնշյալ համատեքստում ինչ զիջումների կարող են գնալ, ուշագրավ դիտարկում է անում այժմյան Թուրքիայի քաղաքական համակարգի վերաբերյալ, նշելով, որ երկրի քաղաքականությունը կենտրոնացված է մեկ անձի վրա, իսկ Ռ. Էրդողանի ռեժիմը ներքուստ անկայուն է: Դրա ապացույցը Թուրքիայում էստ ըության աշխարհիկ
և քեմալական բանակի կողմից ռազմական հեղաշրջման փորձն էր, ռազմական միջավայրում շարունակվող դժգոհությունը և տեղական ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը: Նման պայմաններում, ըստ Վասկովի, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և ինչպիսին կլինի Թուրքիայի  այլ քաղաքական ուժերի վերաբերմունքը ռուսական նախագծերի նկատմամբ, թեկուզ ինչպիսին կլինի հենց Էրդողանի վերաբերմունքը ապագայում։ «Այնուամենայնիվ, գամբիտը, որպես խաղային քայլ, պահանջում է զոհաբերել կամ զիջել ինչ-որ բան՝ ապագայում ռազմավարական առավելություն ապահովելու համար»,-հավելել է Վասկովը։
 
Ըստ Վասկովի՝ վերոնշյալ խնդիրը հաշվի առնելով երկու կողմերի համար էլ «զիջումները» բավականին ցավոտ են: Նախ Ղրիմի և թաթարների հարցում, եթե Էրդողանը հետքայլ անի, դա կնշանակի Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացում է, և որն ավելի վտանգավոր է Էրդողանի համար՝ նեոօսմանյան ծրագրի քայքայում: Մյուս կողմից, Ռուսաստանը ամենայն հավանականությամբ պատրաստ չէ Ասադի համար բացասական գործողություններ ձեռնարկել ՝ Էրդողանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ Ռուսաստանի համար պայքարել այնտեղ՝  բարդացնելով իր հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իսրայելի հետ: 
 
Վասկովը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու համատեղ նախագծեր պետք է լինեն, բայց միևնույն ժամանակ չպետք է լինեն ոչ գերագնահատված սպասումներ, ո՛չ էլ էյֆորիա: Նրա կարծիքով՝ պետք է հիշել հիմնարար հակասությունները և մերձեցման իրավիճակային քաղաքական ենթատեքստը, որը հիմնված է հիմնականում արտաքին գործոնի՝ Միացյալ Նահանգների և նրա գլոբալ քաղաքականության վրա, որից Ռուսաստանն ու Թուրքիան դժգոհ են սեփական պատճառներից ելնելով:
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 608 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար