Թուրքիայի ներխուժման աննախադեպ պատասխանը Ստեփանակերտից

11-10-2019 12:56:34   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախի մայրաքաղաքում հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Արցախի բարեկամների համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 30 երկրից ժամանած հյուրեր, Արցախի հետ բարեկամության խմբերի ներկայացուցիչներ, գործիչներ: Խորհրդաժողովը կազմակերպել են Արցախի արտգործնախարարությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը: Խորհրդաժողովի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Արցախի սուբյեկտության ուղղությամբ ապակենտրոնացված միջազգային գործունեությունը, միաժաանակ նաեւ ձեւավորել Արցախի սուբյեկության գործում ներգրավված տարբեր կառույցների, անհատների, խմբերի միասնական ցանց:
 


Համաժողովին ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավաշ Քոչարյանը, որը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի անթերի իրականացման եւ դրա ուժի մասին, ասելով, որ Արցախն ինքնորոշվել է ՄԱԿ կանոնադրության համաձայն, եւ այդ իրավունքին հակադրելի չէ միջազգային որեւէ սկզբունք, այդ թվում տարածքային ամբողջության սկզբունքը:
 
Հայաստանը գործնականում առաջին անգամ տարանջատում է տարածքային ամբողջության սկզբունքն ու ինքնորոշման իրավունքի իրացման փաստը դնում ավելի վեր եւ գործնականում դիտարկում անբեկանելի: Միեւնույն ժամանակ, Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ խնդիրը քաղաքակրթության ու հակաքաղաքակրթության պայքարն է, այդ հանգամանքը տարածելով նաեւ Սիրիայում ներկայիս իրադրության, Թուրքիայի ներխուժման վրա:
 
Գործնականում, Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովով անուղղակի, սակայն յուրօրինակ
հայկական պատասխան է հնչում Սիրիայում Թուրքիայի ներխուժմանը, այդ համատեքստում արցախյան ուղղությամբ առաջին անգամ բաժանելով տարածքային ամբողջության ու ինքնորոշման սկզբունքներն, ու ինքնորոշման սկզբունքը դնելով առավել բարձր ու գերակա հարթության վրա:
 
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, անկասկած այսօր չէ, որ հասունացել է եւ ծրագրվել: Միեւնույն ժամանակ, չնայած Էրդողանի հաստատակամության դրսեւորումներին, թերեւս ամենեւին լավ օրից չէ, որ Թուրքիան ստիպված է գնալ գործնականում ամբողջ աշխարհին հակոտնյա ճաապարհով: Իհարկե, թուրքերին չեն խանգարել, սակայն ըստ ամենայնի չեն խանգարել հայտնվել ծուղակում, չեն խանգարել սխալ գործելուց, հետո այդ սխալն օգտագործելու համար: Թե ով կօգտագործի սխալը, կամ ով ինչպե՞ս կօգտագործի՝ Մոսկվա, Վաշինգտոն, Թեհրան, Թել Ավիվ, Փարիզ կամ Բեռլին, կերեւա ժամանակի ընթացքում:
 
Էրդողանը Սիրիայի հյուսիսում փորձում է թերեւս կասեցնել Ստամբուլի քաղաքապետի ընտրությամբ սկսված իր անկումը եւ դրա տարբերակ է տեսնում ռեգիոնալ լայն վերադասավորման գործընթաց նախաձեռնելն ու մեծ առեւտրի հարթակ բացելը:
 
Եվ սա անշուշտ շոշափելու է նաեւ հայկական շահերն ու անվտանգությունը, մի կողմից ավելացնելով մարտահրավերները, մյուս կողմից հնարավորությունները Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի նշանակալի դերակատարումը եւ նշանակությունը առկա իրողություններում:
 
Շավարշ Քոչարյանի ելույթն այդ համատեքստում հետաքրքիր է նախօրեին Երեւանում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ կառավարության փակ քննարկման ֆոնին: Եվ այդ ֆոնին, Ստեփանակերտում անշուշտ ոչ երեկ պլանավորված, կազմակերպված խորհրդաժողովի մեկնարկը հայկական գործոնի լայն ընդգծումն է ընդհուպ հենց քաղաքակրթական համատեքստով, հենց այդտեղով, եւ ոչ թե աշխարհքաղաքական գծագրումներով քաշելով այսպես ասած բաժանարար գիծը, Արցախը դիտարկելով ոչ միայն աշխարհքաղաքական, այլ քաղաքակրթական շահի հենակետ:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
իրողություններում:   Շավարշ
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 963 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար