Ոչ բավարար սննդակարգը խաթարում է երեխաների առողջությունը ողջ աշխարհում

15-10-2019 12:22:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Անառողջ սննդակարգի հիմնական դրդապատճառներն են աղքատությունը, ուրբանիզացիան, կլիմայի փոփոխություններն ու սննդի սխալ ընտրությունը: 5 տարեկանից ցածր 3 երեխաներից մեկը թերսնված է, 2 տարեկանից ցածր 3 երեխաներից 2-ը ոչ բավարար սննդակարգ ունեն
Նյու Յորք, 15-ը հոկտեմբերի 2019թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հրապարակել է երեխաներին, սննդին ու սնուցմանը վերաբերող նոր զեկույց, ըստ որի, երեխաների անհանգստացնող թվաքանակ տուժում է ոչ բավարար սննդակարգի և սննդի կազմակերպման ոչ ճիշտ համակարգերի հետևանքով:
 
Երեխաների իրավիճակն աշխարհում 2019թ.։ Երեխաներ, սնունդ և սնուցում զեկույցում նշվում է, որ 5 տարեկանից ցածր 3 երեխաներից 1-ը, այն է՝ 200 միլիոն երեխա, կա՛մ թերսնված է, կա՛մ գերքաշ: 6 ամսականից մինչև 2 տարեկան 3 երեխաներից գրեթե 2-ը չեն ստանում իրենց արագ աճող մարմնին և ուղեղին անհրաժեշտ սնուցումը: Դրա հետևանքով հավանական է ուղեղի թերզարգացում, ուսումնառության ցածր մակարդակ, ցածր դիմադրողականություն, վարակների հանդեպ բարձր զգայունություն և մահվան ավելի բարձր ռիսկ:
 
«Չնայած վերջին մի քանի տասնամյակների տեխնոլոգիական, մշակութային և սոցիալական զարգացումներին, մենք մոռանում ենք մի պարզ բան՝ եթե երեխայի սննդակարգն աղքատիկ է, ապա նրա հետագա կյանքը նույնպես աղքատ կլինի», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Միլիոնավոր երեխաներ այժմ ապրում են անառողջ սննդակարգով, որովհետև պարզապես այլընտրանք չկա: Սնուցման մասին մեր պատկերացումներն ու պրակտիկան պետք է փոխվի: Խոսքը երեխային ոչ թե բավարար, այլ ճիշտ սնունդ տալու մասին է: Դա՛ է մեր մարտահրավերն այսօր»:
 
Զեկույցը 21-րդ դարում երեխայի թերսնուցման ամենատարբեր դրսևորումների ամենահամապարփակ գնահատումն է առ այսօր, որը նկարագրում է աշխարհում 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում թերսնուցման եռակողմ բեռը: Այն է՝ թերի սնուցումը, գերքաշությունն ու թաքնված սովը, որը հիմնական սննդանյութերի ոչ բավարար քանակ ստանալու արդյունքն է:
 
Ըստ զեկույցի՝
149 մլն երեխա թերաճ է կամ իր տարիքի համեմատ
ցածր հասակ ունի,
50 մլն երեխա թերքաշ է կամ իր հասակի համեմատ ցածր քաշ ունի,
340 մլն երեխա կամ 2-ից 1-ը, տուժում է հիմնական վիտամինների և սննդանյութերի պակասից, օր.՝ վիտամին A-ի կամ երկաթի,
40 մլն երեխա ավելորդ քաշ ունի կամ գեր է:
Զեկույցն ահազանգում է, որ ոչ բավարար կամ սխալ սնվելու ու սնելու սովորույթը սկսում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերից: Հայտնի է, որ կրծքով սնուցումը կյանքեր է փրկում, սակայն 6 ամսականից ցածր երեխաների միայն 42 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում: Դրա փոխարեն նորածինների աճող մեծամասնությունը կաթնախառնուրդ է ստանում: 2008-2013թթ. բարձր միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են՝ Բրազիլիան, Չինաստանը և Թուրքիան, կաթնախառնուրդի վաճառքն աճել է 72 տոկոսով: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ոչ պատշաճ շուկայավարման, թույլ քաղաքականությունների և ծրագրերի հետևանքով։
 
Երբ վեց ամսական հասակում երեխաներն անցնում են հավելյալ սննդին, շատ շատերի առաջին փորձառությունը սկսում է սխալ սննդակարգից: Աշխարհում 6 ամսականից 2 տարեկան երեխաների 45 տոկոսը չեն ստանում որևէ միրգ կամ բանջարեղեն: Մոտ 60 տոկոսը չի ուտում ձու, կաթնամթերք, ձկնամթերք կամ միս:
 
Երեխան իր աճին զուգընթաց սկսում է ավելի հաճախ առնչվել անառողջ սննդի հետ, որը ոչ պատշաճ շուկայավարման ու գովազդի, չափից ավելի վերամշակված ու արագ սննդի առաջարկի, ինչպես նաև՝  շաքարի բարձր տոկոս պարունակող ըմպելիքների հասանելիության հետևանք է: Ըստ զեկույցի, ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցահասակ դեռահասների 42 տոկոսը օրական գոնե մեկ անգամ սպառում է գազավորված շաքարային ըմպելիքներ: 46 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ արագ (պատրաստվող) սնունդ է ուտում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշները հասնում են համապատասխանաբար 62 և 49 տոկոսի:
 
Արդյունքում՝ ավելորդ քաշ ունեցող կամ գեր երեխաների և դեռահասների թիվն աճում է ողջ աշխարհում: 2000-2016թթ. 5-ից 19 տարեկան երեխաների շրջանում գերքաշությունը կրկնապատկվել է՝ անցնելով 10-ից 1 երեխա ցուցանիշից 5-ից 1 երեխայի: 1975թ․ համեմատ այդ տարիքային խմբում 10 անգամ ավելի աղջիկներ և 12 անգամ ավելի տղաներ գերքաշության խնդիր ունեն այսօր:
 
Զեկույցում ասվում է, որ երեխաների և դեռահասների թերսնուցման ամենամեծ բեռը կրում են ամենաաղքատ ու խոցելի համայնքները: Ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող 6 ամսականից 2 տարեկան 5 երեխայից միայն 1-ն է ստանում առողջ աճի համար անհրաժեշտ բազմազան սննդակարգ: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, գերքաշության ցուցանիշը երկու անգամ բարձր է  երկրի ամենաաղքատ շրջաններում ի տարբերություն հարուստ շրջանների:
 
Զեկույցում նաև նշվում է, որ կլիմայի հետ կապված աղետները սննդի լուրջ ճգնաժամեր են առաջացնում: Գյուղատնտեսության ոլորտում վնասների ու կորստի 80 տոկոսի պատճառն է երաշտը: Դա արագ կերպով ազդում է ոչ միայն երեխաներին ու ընտանիքներին հասանելի սննդի վրա, այլև՝ սննդի որակի և գնի:
 
Թերսնուցման թափ առնող ճգնաժամի բոլոր դրսևորումներին հակազդելու համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրատապ կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին, դոնորներին, ծնողներին ու ընտանիքներին՝ սատար կանգնել երեխաների առողջ զարգացմանը հետևյալ կերպ՝
Աջակցել ընտանիքներին, երեխաներին ու երիտասարդներին սննդարար սնունդ պահանջելու հարցում,  նաև՝ բարելավելով սնուցման մասին գիտելիքների ստացումը և կիրառելով ապացուցված քաղաքականություն, օրինակ՝ շաքարի հարկին վերաբերող, որպեսզի իջեցվի անառողջ սննդի պահանջը:
Խրախուսել սնունդ մատակարարողներին՝ քայլ անել հօգուտ երեխաների, որպեսզի նրանք մատակարարեն առողջ, սպառելու
համար հարմար և մատչելի սնունդ:
Երեխաների և դեռահասների համար առողջ սնունդ սպառելու նպաստավոր միջավայր ստեղծել՝ սննդի ճշգրիտ ու դյուրըմբռնելի պիտակավորմամբ՝ անառողջ սննդի շուկայավարումը զսպելու և այլ ապացուցված միջոցներ կիրառելով:
Երեխաների շրջանում սնուցման ուղղությամբ լուրջ արդյունքների հասնելու համար՝ միավորել բոլոր աջակից համակարգերը՝ առողջապահության, ջրային ու սանիտացիայի, կրթության ու սոցիալական պաշտպանության:
Գործողությունները կառավարելու և առաջընթացին հետևելու համար հավաքագրել, վերլուծել և օգտագործել որակյալ տվյալներ և ապացույցներ:
 
Իրավիճակը Հայաստանում՝
Հայաստանի երեխաների 3 տոկոսը թերքաշ է: Երեխաների 4 տոկոսը թերսնված է, իսկ 2 տոկոսը՝ խիստ թերսնված: Ըստ մարզերի՝ թերսնվածությունը տատանվում է՝ սկսած Տավուշի 0 տոկոսից մինչև Արագածոտնի 23 տոկոսը:
Մինչ 5 տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է: Սա նշանակում է, որ գերքաշությունը շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի երեխաների շրջանում, քան թերքաշությունը: Չնայած տարբերությունները մեծ չեն՝ գերքաշության մակարդակը տղաների շրջանում ավելի բարձր է (15 տոկոս), քան աղջիկների շրջանում (13 տոկոս): Եթե մարզային ցուցանիշների համեմատական անցկացնենք, ապա կտեսնենք, որ Արարատում բնակվող երեխաները ավելի են հակված գերքաշության (36 տոկոս), քան մյուս մարզերի երեխաները (5-19 տոկոս):
Եվս մեկ խոսուն ցուցանիշ. Հայաստանում 6-23 ամսական երեխաների միայն 24 տոկոսի սնուցումն է համապատասխանում նվազագույն ընդունելի սննդակարգի չափանիշներին:
 
Տվյալները Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 հետազոտությունից են:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար