Հայ և օտարազգի մասնագետները պարեցին՝ կոչ անելով կանխարգելել օստեոպորոզը



15-10-2019 12:55:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Կալցիումի քիչ չափաբաժին, արևի ճառագայթների պակաս, նստակյաց կյանք, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում`սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց հետևանքով ոսկրերը դառնում են ծակոտկեն, թույլ և փխրուն և թեթև շարժումից կարող են կոտրվել մեկը մյուսի հետևից: Այս հիվանդությունն անվանում են օստեոպորոզ, որի կանխարգելմանն ուղղված հարցերը 2 օր շարունակ քննարկվեցին Հայաստանում դրսից ժամանած հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ:
 
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Օստեոպորոզի միջազգային 3-րդ գիտաժողովը: Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր նախագահ և Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը ներկայացրեց արտերկներից հրավիրված շուրջ 60 մասնագետներին, որոնք արդեն 3-րդ տարին է Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի ծրագրերի շրջանակում հավաքվում են Հայաստանում քննարկելու օստեոպորոզ հիվանդության հիմնախնդիրները: Գիտաժողովի առանցքային քննարկման թեման այս տարի վիտամին Դ-ի դեֆիցիտն էր, վիտամին Դ-ի ստատուսն ըստ երկրների, հայտնի մասնագետների փորձն ու օստեոպորոզի կանխարգելման դեմ առաջարկվող լուծումները:
 
Գիտաժողովին Շվեցարիայից ժամանած Ժնևի համալասարանական հիվանդանոցների բժշկության պրոֆեսոր, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի խորհրդի անդամ Ռենե Ռիզոլին իր զեկույցում մատնանշեց, որ վիտամին Դ-ի պակասը օրգանիզմում հանգեցնում է օստեոպորոզի, սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի զարգացմանն ու ինֆեկցիաների հեշտ ներթափանցմանը:
 
Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի նախագահ և օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը կարևորեց այն փաստը,
որ իրենց կատարած հետազոտության արդյունքում Հայաստանը շուտով կունենա հստակ թվեր բնակչության շրջանում վիտամին Դ-ի դեֆիցիտի խնդրի շուրջ, ինչն իհարկե կնպաստի մեր երկրում օստեոպորոզի կանխարգելման առավել արդյունավետ ռազմավարության մշակմանը:
 
Վիեննայից ժամանած բժշկության պրոֆեսոր Հենրիխ Ռեշը նշեց, որ շատ հպարտ է արդեն 3 անգամ ժամանել Հայաստան: Նա նշեց, որ վիտամին Դ-ի դեֆիցիտը ամբողջ աշխարհի խնդիրն է` «Մենք պետք է սկսենք հաղթահարել այս խնդիրը: Ավստրիան վիտամին Դ-ի դեֆիցիտի հետ կապված նույն իրավիճակում է: Վիտամին Դ-ի անբավարարությունը  կապված է մի շարք հիվանդությունների հետ, որոնց թվում է նաև քաղցկեղը: Ամենամեծ դերը վիտամին Դ-ն ունի օստեոպորոզի հարցում և ամենամեծ վտանգը օստեոպորոզի դեպքում կոտրվածքներն են` ազդրի, ողնաշարի, դաստակի կամ թևի վերին հատվածներում: Մեր նպատակն է կենտրոնանալ այս հարցի շուրջ կանխելու կոտրվածքները, մարդիկ ովքեր վտանգված են ունենալու կոտրվածքներ պետք է այդ խնդիրը վաղ հայտնաբերվի: Պետք է կանխել  ոսկրային նյութափոխանակության խանգարումը, որը մի օր հանգեցնում է կոտրվածքների»:
 
Գիտաժողովի կազմակերպումը ողջունեց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարտականությունները կատարող Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բավականին կարևորում է այս թեման` շեշտադրելով, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններում գերակա է օստեոպորոզի խնդիրը. «Նախաձեռնությունը շատ  դրական է այն առումով, որ հավաքվում են բոլոր շահագրգիռ կողմերը, և բոլորը համապարփակ ձևով պատկերացնում են խնդրի կարևորությունը: Հենց այսպիսի օրերին է ձևավորվում  այն ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնք պետք է նախաձեռնեն տվյալ խնդրի դեմ պայքարելու հարցում»: 
 
Հաջորդ օրը տեղի ունեցավ վաղուց ամենամյա դարձած Օստեոպորոզի 13—րդ սիմպոզիումը.”Արտերկրից հրավիրված առաջատար մասնագետները ներկայացրին օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ իրենց փորձը՝ հանդես գալով ուսուցողական դասախոսություններով շուրջ 400 հայ մասնագետների առաջ:Այս ամենն արվում է օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում:Նպատակն է հիվանդության լրջությունն ու կանխարգելման մեթոդները հասցնել հանրությանը, իրազեկել բժիշկներին տարբեր միջոցներով, թե սոցկայքերով, թե լրատվական միջոցներով”,- պատմեց Վարտա Բաբալյանը: Ի դեպ, օտարազգի մասնագետները հաճելի զարմանքով էին նշում այն փաստը, որ հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ավելի հասանելի են դենսիտոմետրիկ հետազոտությունները ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլիզիկյանի ջանքերի շնորհիվ ու կոչ անում հայ կոլեգաներին ավելի ակտիվ օգտագործել այդ հանգամանքը օստեոպորոզ հիվանդության ախտորոշման հարցում:
 
Միջոցառման ուշագրավ պահերից էր նաև  կազմակերպված ֆլեշմոբը  Golds Gym ընկերության հետ համատեղ: Շուրջ 400 հայ մասնագետներն ու դրսից ժամանած հյուրերը պարեցին ու ֆիզիկական վարժություններ կատարեցին՝ կոչ անելով մարդկանց վարել առողջ ապրելակերպ օստեոպորոզից խուսափելու համար: 
 
Օստեոպորոզի կենտրոնը շարունակելու է Օստոպորոզի կանխարգելման միջազգային օրվան՝հոկտեմբերի 20-ին ուղղված միջոցառումները: Ավելին, յուրաքանչյուր երկուշաբթի ու հինգշաբթի օրերին կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ իմանալու ավելին օստեոպորոզի զարգացմանը նպաստող գործոնների, ռիսկերի, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների մասին:
 
yerevaklur.am
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար