Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լորդ Դարզիին

16-10-2019 16:39:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
 


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանը և լորդ Դարզին զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական և առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, անդրադարձել այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և նորարարական
լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։
 
Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում և Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի և ժողովրդի ծառայեցնելու կարևորությունը:
 
Արա Դարզին նաև Լոնդոնի կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 472 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար