Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են. hraparak.am

19-10-2019 12:49:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ոստիկանության 6-րդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայում երեկ էլ է շարունակել նախօրեին սկսած «զախվատ» օպերացիան։ Վարչության աշխատակիցներն առավոտյան մտել են շուկա ու մի խումբ անձանց իրենց հետ տարել բաժին։ Ասել են՝ եթե հրաժարվեք,  բերման կենթարկենք։ Շուկայի աշխատակիցները ստիպված համաձայնել են կամովին ներկայանալ հարցաքննության։ Նրանցից մեկը նկարել է ողջ օպերացիան, սակայն դա նկատելով՝ ոստիկանները նրան էլ են բաժին տարել։ Ստիպել են, որ հեռախոսից ջնջի տեսանյութը, եւ տուն ճանապարհել։ Երեկ մենք տեղեկացրել էինք, որ «շեստոյի» աշխատակիցները շուկայի տարբեր հատվածներից առանձին-առանձին մի խումբ անձանց են բերման ենթարկել եւ ֆիզիկական բռնությամբ փորձել ցուցմունքներ կորզել, մասնավորապես՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, ասելով, որ իրենք գիտեն, թե շուկայից հավաքված «նալոգներն» ում են տալիս, եւ որ բերման ենթարկվածներից մեկի՝ Կարեն Ղազարյանի տանիքը հենց Վանեցյանն է։
 


Հիշեցնենք․ Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ծաղկի, տնկանյութի ներկրմամբ։ Երեկ մենք տեղեկացել էինք նաեւ, որ Կարեն Ղազարյանը դիմել է բժիշկներին՝ մարմնական վնասվածքների փաստը հաստատելու համար, ու ստացել տեղեկանքը։ Ըստ այդ տեղեկանքի՝ Ղազարյանը «պարանոցի
աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։
 
Տեղեկանքը տվել է մասնագիտացված բժշկական հիմնարկի վիրաբույժը։ Ղազարյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ ՀՔԾ դիմում-բողոք է ներկայացրել, ինչն ընդունվել է վարույթ։ Իսկ ոստիկանությունում՝ այս աղմուկից հետո, ծառայողական քննություն են նշանակել ծեծի առնչությամբ։ Հիշեցնենք, որ ծեծը մեր ոստիկանության սիրելի մեթոդներից էր հատկապես 90-ականներին։ Իսկ Եվրախորհուրդ մտնելուց, տարբեր կոնվենցիաներ ստորագրելուց եւ խոշտանգումների դեմ երկարատեւ պայքարից հետո այն բավականին զիջել էր դիրքերը։ Հիմա, փաստորեն, կրկին վերադառնում ենք 90-ականներ։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1475 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար