Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի. Փաշինյան.«Արմենպրես»

21-10-2019 10:49:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի  շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:
 


«Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք մենք սա ասելով: Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի
ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց վարչապետը:
 
Նա հավելեց, որ կրթություն ասելով նկատի չունի, որ պետք է միայն ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել, որովհետև ամեն ինչ կրթություն է: «Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով և այդպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետը:
 
Վարչապետը հավելեց, որ կրթության ամենակարևոր բաղադրիչը ինքնակրթությունն է: «Որովհետև պատկերացրեք դպրոցում, այո, մենք ծրագրեր ենք տալիս, ուսուցիչներ կան, ովքեր տանում են կրթական պրոցեսը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, բռնությամբ չես կարող նրան սովորեցնել: Հետևաբար, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի
ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտներն ու ուսանողները նրանք են, ովքեր այդ պրոցեսը չեն ընկալում  որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են  ինչ-որ բան սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության իրենց ծարավը, հետևաբար կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է»,- ասաց վարչապետը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար