Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան.ՀԺ

21-10-2019 17:47:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Առողջապահության ոլորտում առկա խնդիրների, համացանցում լուրջ քննարկում առաջացրած դեպքերի, դժվար իրականանալի երազանքների մասին եւ ոչ միայն. լրագրողների հարցերին պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 


«Մենք գնում ենք դանդաղ՝ ջարդելով սառույցները». Արսեն Թորոսյան
 
Արտաշատի թիվ 5 դպրոցում օրերս տեղի ունեցած զանգվածային թունավորման մասին կամ ի՞նչ կարող է
անել առողջապահության նախարարությունը նման դեպքերում:
 
«Այսօր Առողջապահության նախարարությունն ընդհանրապես ոչ մի վերահսկողական գործառույթ չունի, քանի որ ժամանակին դրանք բոլորը տարանջատվել եւ տրվել են տարբեր տեսչությունների: Սննդի անվտագության հետ կապված բուն վերահսկողություն ունի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Հարցով որոշ չափով զբաղվում է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Այսօր աննորմալ է ունենալ սննդի քաղաքականություն մշակող գործառույթ, որն ուղիղ առողջության վրա է ազդում եւ այդ գործառույթն իրականացնի ոչ Առողջապահության նախարարությունը: 2008 թվականից այս ֆունկցիան փոխանցվել է Գյուղատնտեսության, այնուհետեւ՝ Էկոնոմիկայի նախարարությանը:
 
Սննդի մեթոդաբանության առումով մենք միշտ փորձելու ենք օգնել, իսկ անվտանգ սննդի քաղաքականության մշակումը փորձելու ենք հետ բերել մեր նախարարություն: Դժվար է լինելու, սակայն դա համարում ենք ճիշտ: Դեռ բանավոր քննարկումների փուլում ենք, միգուցե անցնենք գրավորին, պետք է դեռ համապատասխան օրենք փոխվի: Հարկ է նշել, որ դպրոցների խնդիրներով այլ կառույց է զբաղվում, մեզ մեղադրում են մինչեւ իսկ կեղտոտ ու քանդված զուգարանների առկայության համար. սննդի քաղաքականություն կարող ենք մշակել, բայց կաֆել-մետլախ չենք կարող խփել»:
 
Արդյո՞ք դպրոցների բուժաշխատողները պատասխանատու են թունավորումների դեպքում
«Կրթական հաստատությունների բուժաշխատողները դպրոցին կցագրված պոլիկլինիկային հաստատությունների աշխատողներ են: Պետք է հաշվի առնել, որ դպրոցում սննդի թունավորում կարող է լինել 2 պատճառով. կամ սնունդն ի սկզբանե վատ որակի է եղել, իսկ բույժքույրն այս դեպքում չի կարող լաբորատոր փորձաքննության ենթարկել, քանի որ չկան անհրաժեշտ սարքավորումները կամ թունավորումը եղել է խոհարարի մեղքով, այս դեպքում եւս բուժաշխատողը կապ չունի: Նա կարող է միայն ստուգել, թե արդյոք ժամկետի մեջ են կաթը, կաթնաշոռը կամ այլ մթերքներ»:
 
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մասին. երբ է մրցույթ անցկացվելու եւ արդյոք այս դեպքում էլ տնօրենի պաշտոնակատարն է հաղթելու
 
«Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելուց հետո, այժմ ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն է նրան փոխարինում: Մրցույթ միանշանակ անցկացվելու է, օրենքով կարգավորումն այսպիսին է. տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո 2 ամսում հայտարարվում է մրցույթ եւ դրանից հետո 2 ամսվա ընթացքում կազմակերպվում է այն: Հոկտեմբերի 4-ից մրցույթն արդեն հայտարարված է, դեկտեմբերի 20-ին վերջնաժամկետն է: Հավանական համարում եմ, որ հենց այժմյան պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կարող է զբաղեցնել պաշտոնը, եթե ավելի լավ թեկնածու չլինի»:
 
Պոլիկլինիկական հաստատություններում շտապ օգնության ծառայություններ մատուցելու մասին
 
«Ցանկանում ենք գոնե Երեւանի մասշտաբով իրականացնել ծրագիր, որ պոլիկլինիկական հաստատություններն ընդունեն շտապօգնության կանչեր: Փորձնական սկսել ենք մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանից, քանի որ աշխարհագրորեն լավ տարանջատված է մյուս շրջաններից: Սա իմ երազանքներից է, երբ Վիեննայում ծանոթացա ավստրիական առողջապահական համակարգին, իրենց մասնագետները նույնպես փաստեցին, որ կարեւոր է այս ծրագիրն իրականացնելը՝ հատկապես շտապօգնության ծառայության աշխատանքը թեթեւացնելու համար: Միայն ճնշումը չափելու համար՝ պետք չի զբաղեցնել կարեւոր մեքենան: Ծրագիրը կյանքի կոչելով՝ կարող ենք նաեւ հասարակության մեջ պոլիկլինիկային հաստատությունների հանդեպ վստահությունը մեծացնել: Անհրաժեշտ է, որ հաստատության բժիշկներն իրենք գնան պացիենտի մոտ, ոչ թե սպասեն, որ նրանք օրերից մի օր հասնեն իրենց մոտ: Մենք այսօր պոլիկլինիկաների այցերն ավելացնելու խնդիր ունենք:
 
Երեւանի եւ մնացած մեծ քաղաքների դեպքում՝ վստահ եմ ծրագիրը ստացվելու է, բայց գյուղերում եւ փոքր քաղաքներում չի աշխատի, քանի որ ապահովելու համար՝ կանչերի թիվն է կարեւոր, կարծում են այնտեղ շտապօգնությունը կարող է հասցնել սպասարկել բոլորին:
 
Այսօր Երեւանում ունենք շատ լավ եւ վատ վիճակում գտնվող պոլիկլինիկաներ, որոնք կամաց-կամաց կվերանորոգվեն»:
 
Իր հանդեպ հասարակության մեջ ձեւավորված վերաբերմունքի եւ կառավորության անդամների հետ հարաբերությունների մասին
 
«Ըստ «Մեդիամաքս» կայքի իրականացրած մոնտորինգի, սեպտեմբեր ամսվա կտրվածքով՝ քաղաքական գործիչների վերաբերյալ բացասական հոդվածների թվով առաջին տեղում ես եմ՝ 174 հոդվածով, երկրորդ տեղում հայտնված գործչի մասին բացասական հոդվածները 25-ն են: Սա ցույց է տալիս իմ հանդեպ վերաբերմունքը: Բացասական կարծիքները պայմանավորված են շատ ցավոտ տեղերին շատ հաճախ խփելով: Քաղաքական գործիչների հետ հարաբերությունները գործընկերային, կառուցողական են: Դրանք մեկ տարվա ընթացքում դեպի բացասական չեն փոխվել, հակառակը՝ կարող ենք ասել, որ դեպի դրական են գնացել»:
 
Հակածխախոտային օրենքի ու այն չընդունողների առարկությունների մասին
 
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն ինձ համար անհայտ պատճառներով նախագիծը ներկայացվել է տնտեսական հանձնաժողով: Կփորձեմ հանձնաժողովի հետ խոսել եւ փոխել այդ որոշումը, քանի որ օրենքն առողջապահական է, չգիտեմ, թե ինչ պիտի քննարկենք տնտեսագետների հետ: Նախագծի
վերաբերյալ առարկությունները տարբեր են՝ սկսած «ինչո՞ւ եք ինձ արգելում փակ տարածությունում ծխել, ինչ ցանկանամ, կանեմ»-ից, ավարտված, որ տնտեսությանը վնաս կլինի, բայց փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունը նման դեպքերում միշտ շահում է»:
 
Իր նպատակների եւ երազանքների մասին
 
«Երբ սկսում ես աշխատել, երազանքներից հողին ես իջնում: Քանի դեռ չես սկսել քայլեր ձեռնարկել, չես պատկերացնում, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Հակածխախոտային օրենքն ընդունելը երազանք է, այն, որ իմ երեխան մի օր կարող է չազդվել ուրիշի ծխից: Հաջորդն ու կարծում եմ ամենաբարդը պարտադիր ապահովագրությանն է վերաբերում: Այն ԱՆ-ի մեջ ամենաարմատական բարեփոխումը կլինի, որն իրականացնելն ամենադժվարն է լինելու՝ թե´ մարդկանց համոզելու, թե´ իրագործելու առումով: Եթե սա անենք, կարող ենք այլեւս բան չանել (ժպտում է):
 
Ես եկել եմ ինչքան հնարավոր է արագ էական փոփոխություններ անելու եւ եթե պարզվում է, որ այդ ճանապարհին իմ քայլերը վնասում են մեկ այլ անձի ոչ լեգիտիմ շահերին, ես դա հաշվի չեմ առնում, հակառակ դեպքում՝ չէի դառնա ԱՆ նախարար»:
 
Անի Ավագյան   
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 738 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար