Հայկական ուժը. Էրդողանը հայտնվեց գնդակի դերում

12-11-2019 16:58:04   | Հայաստան  |  Վերլուծություն
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում Սիրիայի հյուսիսի հարցը քննարկելուց հետո մտադիր է այդ հարցերը քննարկել նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ:
 


Թուրքիայի նախագահը հայտնվել է ԱՄՆ ու Ռուսաստանի միջեւ գնդակի դերում: Ներխուժելով Սիրիայի հյուսիս՝ ամերիկացիների եւ ռուսների փաստացի թողտվությամբ, Էրդողանը հայտնվել է նրանց միջեւ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ էլ նա դադարեցրեց ռազմական գործողությունը, պայմանավորվելով անվտանգության գոտու շուրջ, սակայն այժմ դժգոհում է քրդական ուժերի հետքաշման հարցում պայմանավորվածությունների թերակատարումից:
 
Նախօրեին Երեւան պաշտոնական այց կատարած ՌԴ արտգործնախարար Լավրովը, մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերության թեմային, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել կարգավորմանը, նշելով, որ դրա համար պետք է երկու կողմերի շահագրգռությունը: Լավրովը նաեւ հիշեցրել է Ցյուրիխի հայտնի արձանագրությունները, որոնք չեղարկվեցին տասը տարի անց, նշելով, թե Մոսկվան այն ժամանակ էլ թերահավատ էր, որ դրանք կարող էին կյանքի կոչվել Արցախի հարցից անկախ:
 
Թուրքիան, ինչպես հայտնի է, դնում է Արցախի հարցում հայտնի նախապայմանը, ինչը անընդունելի է Երեւանի
համար: Լավրովը փաստորեն ակնարկում է, որ Թուրքիան չի հրաժարվի Արցախի նախապայմանից: Միեւնույն ժամանակ, սակայն, ՌԴ արտգործնախարարը ուշագրավ դատողություն էր արել այն մասին, թե չի կարծում, որ կողմերից որեւէ մեկը պատերազմ կսկսի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Լավրովը թերեւս միամիտ չէ եւ լավ պատկերացնում է Հայաստան-Թուրքիա պատերազմի անհնարինությունը մի շարք հանգամանքների, այդ թվում Հայաստանում ռուսական ռազմական ներկայության եւ դաշնակցային պարտավորությունների բերումով: Պատերազմի թեման շոշափելով նա անշուշտ նկատի ունի արցախյան ուղղությունը: Հայ-թուրքական պատերազմ կարող է լինել արցախյան ուղղությամբ, եւ այստեղ է ամենանուրբ հարցը:
 
Հատկանշական է, որ պաշտոնական Երեւանը ապրիլյան քառօրյայի օրերին խոսում էր այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան հետ է մղվել գերազանցապես Արցախի պաշտպանական բանակի ջանքով եւ չի գործադրվել Հայաստանի Հանրապետության զինուժը: Այդ հայտարարությունն ընդգծում էր այն նուրբ պահը, որ քառօրյա պատերազմը եղել է Արցախի ու Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ Ադրբեջանի ագրեսիան հետ է մղել Արցախը:
 
Այլ կերպ ասած, պաշտոնական Երեւանը քառօրյա պատերազմից հետո տանում էր քաղաքական որոշակի «դասակարգման» գիծը՝ Ադրբեջանին դասելով Արցախի «քաշային կատեգորիայում», իսկ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ավելի բարձր կատեգորիայում:
 
Այդ համատեքստում էլ Լավրովի երեւանյան հայտարարության տողատակն է դառնում ուշագրավ: ՌԴ արտգործնախարարն ասելով, որ չի կարծում, թե «որեւէ կողմ կսկսի պատերազմ երկու երկրների միջեւ», գործնականում Հայաստանն ու Թուրքիան դնում է քաղաքական մեկ քաշային հարթության վրա, Ռուսաստանը դասելով Թուրքիայից
ավելի բարձր:
 
Մոսկվային այդ հնարավորությունը գործնականում ընձեռել է Վաշինգտոնը, Ներկայացուցիչների պալատում ճանաչելով հայերի ցեղասպանությունը եւ Էրդողանին փաստացի քաշելով Վաշինգտոն, որտեղ նա պետք է փորձի չեզոքացնել Սենատում համանման բանաձեւի ընդունման ռիսկը: Կհաջողի՞, թե ոչ: Դա իհարկե կարեւոր հարց է, սակայն գործնականում նոր նշաձող Վաշինգտոնն արդեն սահմանել է Ներկայացուցիչների պալատի բանաձեւով, գործնականում իջեցնելով Անկարայի ռեգիոնալ «դասակարգումը»: Միեւնույն ժամանակ, հայկական գործոնը բարձրացնելով՝ հնարավորություն է տվել Մոսկվային Թուրքիայի հետ խոսել վերջին տարիների համար որոշակիորեն աննախադեպ՝ ուժի դիրքերից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 920 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար