Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ․ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ․ Ծառուկյան

13-11-2019 13:39:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեկվա իրավիճակը, կարող եք նայել, որեւէ վիրավորական բան չի եղել, այդ թվում՝ ԲՀԿ-ի սկզբունքը, տեսակետը, որը շատ հարգալից Պետրոսյան Գեւորգը ներկայացրել է, կարող եք յոթ անգամ միացնել, նայել, նա մի անգամ ելույթից առաջ էլ ասաց՝ վիրավորելու ցանկություն չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով խորհրդարանի երեկվա թեժ քննարկումներին։
 


Երեկ քննարկվում էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը։ Նախագիծը, իհարկե, խորհրդարանը չընդունեց, հիմնավորումներ եղան, որ մեր Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը, սակայն Պետրոսյանը, իր ոճի համաձայն, սկսեց վրդովված տոնով խոսել, նույնիսկ հայտարարել, թե պետք է պաշտպանել ավանդական արժեքները եւ ով որ դեմ է քվեարկելու նախագծին, կուզենա՞ր, որ իր հետ նման դեպք լիներ:
 
Պետրոսյանի այս հարցադրումը բարկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, վերջինս հայտարարեց․ «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք
քվեարկելու վրա։ Ձեր ձեւն արդեն չափ ու սահման չունի»,- ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։
 
Գագիկ Ծառուկյանն այս քննարկման մեջ, հատկապես Գեւորգ Պետրոսյանի կողմից որեւէ վիրավորական բան չի տեսնում, կարծում է՝ Պետրոսյանը շատ հարգալից ներկայացրել է իրենց խմբակցության տեսակետը։
 
Թե ինչու է նախագծի շուրջ աղմուկ առաջացել, Ծառուկյանը պատասխանեց՝ «Աղմուկը մենք չենք արել, աղմուկ արողներին հարցրեք»։
 
Ծառուկյանը համաձայն է իրենց խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարության հետ, թե՝ «Գեւորգ Պետրոսյանին հալալ ա, կարողացավ մենակով օրակարգ բերել ու օրակարգից գմփցնել»․
 
«Ես էլ եմ ասում՝ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք, որպես առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեր համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել, դաստիարակել, նրանց դաստիարակածն ինչ պիտի լինի, թող ասեն՝ հետամնաց ենք, բայց մեր համար դա անընդունելի է»,- ասաց Ծառուկյանը։
 
Ինչ վերաբերում է հարցին, թե Ստամբուլյան կոնվենցիայի մեջ բոլո՞ր դրույթներն են անընդունելի Ծառուկյանի համար, վերջինս պատասխանեց, որ իրենք ասում են՝ թող նոր օրենք լինի, ոչ թե Կոնվենցիան․
 
«Եթե ասում են՝ Կոնվենցիան բռնության դեմ ա, բերեք
մեր հայկական ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ, խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ քառակի պատիժներ ընդունենք, բայց մենք տողատակերով չենք ընդունում»։
 
Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվելիք նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել քրեական ենթամշակույթին հարելը՝ Ծառուկյանն ասաց, որ դրա վերաբերյալ իրենց տեսակետը կհայտնեն ասուլիսի ժամանակ, բայց վստահ է, որ մարդու իրավունքներ կան, պետք է հանցանք լինի, որ մարդու իրավունքների խախտում չլինի։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 739 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար