Կայացել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

13-11-2019 17:57:13   | Հայաստան  |  Սպորտ
Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 13-ին պայքարի էին դուրս եկել 11-17 տարեկան մարմնամարզիկներն ու մարմնամարզուհիները:
 

Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարում տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում: Մրցումներին հետևել է սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
 
«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում և հղկվում են: Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային
մրցաշարերին, իսկ հետո նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախեր է ունենում: Մրցաշարը ցույց տվեց, որ լավ երեխաներ կան, բայց նրանք պետք է գիտակցեն, որ մարմնամարզությունում հաջողությունների հասնելու համար պետք է լինեն անչափ համբերատար և կարգապահ»,- ասել է Հ.
Սերոբյանը` կարևորելով մրցաշարը մարմնամարզության մրցունակ սերունդ ապահովելու առումով:
 
Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է՝ մրցաշարը կազմակերպել են երիտասարդական միջազգային ծրագրով, որը տարիքային սահմանափակում չունի:
 
«Մենք թողնում ենք փոքրերին պայքարել մեծերի հետ և տեսնում ենք, օրինակ, 11 տարեկան տղան կարողանում է մրցանակակիր դառնալ: Մրցաշարը կազմակերպել ենք միջազգային ծրագրով, որպեսզի փոքրերն աստիճանաբար սովորեն, թե ինչպես են պայքարելու միջազգային մրցաշարերում: Նման ձևաչափը կարևոր է նաև մարզիչների համար, ովքեր պետք է կարողանան իրենց սաներին պատրաստել հնարավորինս գրագետ վարժությունների, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լավ ծանոթ լինել միջազգային ծրագրին»,- ասել է նա` հույս հայտնելով, որ առաջիկայում մրցաշարը կդառնա միջազգային: Մարզիչը նշել է՝ անգամ այս տարի այլ երկրներից մասնակցության ցանկություն են հայտնել, սակայն այժմ մարզադահլիճի հնարավորությունները թույլ չեն տալիս ընդարձակել հուշամրցաշարի աշխարհագրությունը:
 
Տղաների բազմամարտում առաջին մրցանակակիր դարձած Գագիկ Խաչիկյանը, որն արդեն 12 տարի զբաղվում է մարմնամարզությամբ, նշել է՝ Հ. Շահինյանի հուշամրցաշարը փոքր, բայց կարևոր քայլ է Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու ճանապարհին.
 
«Մասնակցությունիցս գոհ եմ, լավ էի պատրաստվել: Իհարկե, միջազգային մրցաշարերի հետ համեմատած՝ ավելի հանգիստ էի, բայց դրսում էլ կարողանում ենք հաղթահարել լարվածությունը: Մարմնամարզությունում ամենամեծ նպատակս Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է, իսկ նման մրցումներն օգնում են աստիճանաբար պատրաստվել դրան»:
 
Օրվա մրցանակակիրներից Ինեսա Ջաղինյանի համար ևս մրցաշարի արդյունքները ոգևորիչ են.
 
«Արդեն 9 տարի է զբաղվում եմ մարմնամարզությամբ: Ինձ համար այս կարգի մրցաշարերը կարևոր են, արդյունքները՝ ոգևորիչ են: Շարունակելու եմ մարզվել  լավ արդյունքների հասնելու համար»:
 
Տղաների մրցումներին մասնակցել է 17 մարմնամարզիկ: Մրցանակակիր են դարձել.
 
Ազատ վարժություն
 
1. Նորայր Հովհաննիսյան
2. Համլետ Մանուկյան
3. Գագիկ Խաչիկյան
 
Նժույգթափեր
 
1. Գագիկ Խաչիկյան
2. Հայկ
Նազարյան
3. Նորայր Հովհաննիսյան
 
Օղակներ
 
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Հովհաննես Հակոբյան
 
Հենացատկ
 
1. Համլետ Մանուկյան
2. Գագիկ Խաչիկյան
3. Դավիթ Պետրոսյան
 
Զուգափայտեր
 
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Մամիկոն Խաչատրյան
 
Պտտաձող
 
1. Գագիկ Խաչիկյան
2. Վահե Մաղաքյան
3. Սիմոն Ասատրյան և Նարեկ Տերտերյան
 
Բազմամարտ
 
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Դավիթ Պետրոսյան
 
Աղջիկների մրցումներին մասնակցել է 21 մարմնամարզուհի: Մրցանակակիր են
դարձել՝
 
Հենացատկ
 
1. Մարիետա Բուչախչյան
2. Ինեսա Ջաղինյան
3. Մարիետա Մարտիրոսյան
 
Հավասարակշռության գերան
 
1. Ինեսա Ջաղինյան
2. Անի Խաչատրյան
3. Մարիետա Բուչախչյան
 
Զուգափայտեր
 
1. Մանե Պողոսյան
2. Տաթև Մկրտչյան
3. Ինեսա Ջաղինյան
 
Ազատ վարժություն
 
1. Աննա Մանթաշյան
2. Մանե Պողոսյան և Ինեսա Ջաղինյան
3. Մարիետա Բուչախչյան
 
Բազմամարտ
 
1. Ինեսա Ջաղինյան
2. Մարիետա Բուչախչյան
3. Մանե Պողոսյան
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար