ՀՀ նախագահի աջակցությամբ սկսվել են Օշականի եկեղեցու որմնանկարի վերականգնման աշխատանքները

15-11-2019 10:52:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օժանդակությամբ վերականգնվում  է քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» եզակի որմնանկարը: Այն 1964-1966 թթ. ստեղծել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը:
 

«Ինչպես Մեսրոպ Մաշտոցն է հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի գանձ, այնպես էլ նրա գերեզմանի վրա կառուցված եկեղեցին է հայ հոգևոր ճարտարապետ
ության անգերազանցելի գանձ ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլև ներսի բացառիկ որմնանկարով, որը ստեղծվել է 20-րդ դարի կեսերին՝ Վազգեն վեհափառի օրհնությամբ ու տնօրինությամբ: Որմնանկարի վերականգնումն անհրաժեշտ էր, որովհետև այն օր օրի կորցնում էր իր գեղեցկությունը: Մեր  բարձրաձայնած խնդրին արձագանքեց ՀՀ նախագահը և հանձնառություն ցուցաբերեց աջակցել այս գոհարի վերականգնմանը»,-նշեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը:
 
Նա շեշտեց, որ աշխատանքներն արդեն սկսված են և, հավանաբար, կավարտվեն մեկամսյա ժամկետում:
 
Վերականգնումն իրականացնում է Որմնանկարների վերականգման գիտահետազոտական կենտրոնը՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ որմնանկարը բավականին լավ վիճակում է՝ չնայած նրան, որ տարիներ առաջ ծածկից թափանցած անձրևաջրերը որոշ մասերում քայքայել են ներկի շերտը: «Առաջին փուլով կատարում ենք ներկի փոշիացած շերտի նախնական մաքրում, հետո՝ ամրակայում, այնուհետև նորից մաքրման գործընթաց ենք իրականացնելու»,-տեղեկացրեց մասնագետը:
 
Նկարիչ Հովհաննես Մինասյանի ավագ որդին՝ Մարտին Մինասյանը, խոսելով որմնանկարի յուրահատկության մասին, հիշեցրեց, որ 700 տարի Հայաստանում ֆրեսկո չի եղել: «Մենք ժամանակին ունեցել ենք լավ որմնանկարներ, բայց այդ տեխնոլոգիան երկար տարիներ կորած էր: Նախքան այս աշխատանքին լծվելը հայրս բազմաթիվ փորձարարական գործեր էր անում, որ պարզի՝ արդյոք մարած կրի վրա հատուկ ներկերով աշխատելու գաղտնիքը վերականգնվա՞ծ է: Ներկերը չոր պիգմենտներ էին՝ բերված Ֆրանսիայից»,-պատմեց նա:
 
Հենրիկ Մամյանի դուստրը՝ ճարտարապետ և նկարիչ Լուսին Մամյանը, անդրադառնալով հոր ստեղծագործություններին, ընդգծեց, որ նրա հերոսները նման են իրար, որովհետև ծնվել են հոր ներաշխարհի հարստությունից, դեպի մշակույթը, պատմությունը վերաբերմունքից: «Բոլոր կերպարները կյանքի ճամփորդներ են, և ես շատ ուրախ եմ, որ  մանրանկարչութունից ծնված որմնանկարը նախկին տեսքն է ստանալու»,- խոստովանեց Մամյանը:
Մանուկյանը:   Նա
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար