Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

15-11-2019 13:39:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներ Դավիթ Գրիգորյանի եւ Արմեն Դանիելյանի անվտանգությունը ոստիկանությունն այլեւս չի ապահովում:
 


«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են իրենց և հրաժարվել անվտանգության աշխատակիցներից՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունն այլևս չկա:
 
Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ էր շրջում Քոչարյանին Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումից հետո: Դրանից երկու
օր անց Գրիգորյանը որոշել էր նաեւ գործի վարույթը կասեցնել եւ գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու համար:
 
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին էլ թիկնապահ էր տրամադրվել այն բանից հետո, երբ նա հունիսի 25-ին բեկանել էր Դավիթ Գրիգորյանի որոշումները եւ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել:
 
Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանությունն ապահովում է Քոչարյանի և մյուսների գործը քննած դատավորներից միայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ դատարան գնալիս, Քոչարյանի աջակիցներից երկուսը հետապնդել էին Աննա Դանիբեկյանին, հարցեր հղել այն մասին, թե արդյոք նա իրեն համարո՞ւմ է «դռների տակ վնգստացող դատավոր»։ Դեպքին անմիջապես արձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը, ինչից հետո դատավորին
տրամադրվել էր պահպանություն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը: Դատավորին հետապնդած երիտասարդներ Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք էր առաջադրվել եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
 
Միլենա Խաչիկյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար