1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

15-11-2019 16:26:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երկար տարիներ «Սանիթեք» ընկերությունում աշխատած Արթուր Մինասյանն աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չի ստացել, ոչ էլ արձակուրդայինների գումարն է ստացել: Նա հայտնեց, որ ընտանիքով երկար ժամանակ աշխատել են «Սանիթեք» ընկերությունում, սակայն ընկերությունը պարտք է մնացել ու այդպես էլ չի վճարում:
 


Արթուր Մինասյանի խոսքով՝ ընկերությունն իրեն պարտք է 4 տարի 9 ամսվա չվճարված գումար, որը կես մի
լիոն դրամից ավելի է: «Մոտ կես միլիոն դրամ արձակուրդայինս է, 107 հազար դրամ էլ աշխատավարձիս վերջնահաշվարկը: Ճիշտ նույնքան է նաեւ հայրիկիս գումարը, որը նույնպես աշխատում էր Սանիթեքում: Մեկ միլիոնից ավելի պարտք են մեզ»,- ասաց Արթուրը:
 
Արթուրի մորը եւս «Սանիթեք»-ը պարտք ունի: Նրան էլ 70 հազար դրամ չեն վճարել: Առողջական խնդիրների պատճառով փետրվարին ազատվել է աշխատանքից ու վերջնահաշիվ չի ստացել: Արթուր Մինասյանը հայտնեց, որ վերջին 4 տարում ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրն ընդհանրապես արձակուրդ չեն գնացել եւ արձակուրդային էլ չեն ստացել: Նա մի քանի անգամ զանգահարել է ընկերություն, ասել են՝ սպասե՛ք կստանաք: «Մենակ ես չեմ, մոտ 150 հոգի են, որ չեն ստացել: Օգոստոսին՝ ցույցերից հետո, մի մասն ստացել էին, գնացինք մենք էլ ստանայինք, ասեցին՝ գումարը վերջացել է եւ մեզ ավելի ուշ կտան»,- պատմեց նա:
 
Արթուր Մինասյանն այս պահին՝ որպես բանվոր, աշխատում է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ շատ գոհ է: Նորաբաց այս հիմնարկում աշխատողների աշխատավարձերն ավելի բարձ են: Արթուրը հայտնեց, որ նախկին՝ 107-ի փոխարեն այժմ 170 հազար դրամ է ստանում: Նաեւ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի՝ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը խզելուց հետո աշխատողների կեսից ավելին նորաբաց հիմնարկում են աշխատում:
 
«Սանիթեք» ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջնահաշվարկ եւ արձակուրդային դեռ ոչ մի աշխատողի ընկերությունը չի վճարել եւ այս պահին պատկերացում էլ չունեն, թե երբ եւ ինչ ձեւով է վճարումը կատարվելու: Որոնվում են տարբերակներ, սակայն դեռ պարզ չէ:
 
«Այն գումարը, որը փոխանցել է Երեւանի քաղաքապետարանը եւ հայտնել, որ այսուհետ ոչ մի ֆինանսական փոխանցում չի լինելու, դրանից հետո, իսկապես,
որեւէ փոխանցում չի եղել: Փոխանցված գումարով վճարվել է աշխատակիցների օգոստոս ամսի աշխատավարձերը»,- ասաց նա:
 
Խոսնակը նաեւ հայտնեց, որ արդեն սկսվել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մինչեւ վերջերս Երեւանի աղբահանության միակ օպերատորն էր: Ընկերության աշխատանքից դժգոհ քաղաքապետարանը նախ հիմնեց համայնքային ենթակայության այլընտրանքային հիմնարկ, ապա միակողմանի խզեց Սանիթեքի հետ կնքված պայմանագրերը: Դրան նախորդեցին նաեւ ընկերության նկատմամբ կիրառված տուգանքները:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 430 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար