Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

15-11-2019 18:01:45   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի խորհրդարանը շարունակում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Այժմ արդեն խմբակցությունների անունից ելույթների փուլն է։
 


«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
 
Խոսելով այն հանգամանքի մասին, որ ընդդիմադիր պատգամավորները այս երեք օրերի քննարկումների ողջ ընթացքում բյուջեի հետ կապված խնդիրների մի ամբողջ շարք են թվարկում, Թունյանն ընդգծեց, որ դրանք տասը-տասնհինգ տարվա վատ գործունեության արդյունք են․
 
«Մի հատ նայեք՝ տեսեք՝ վերջին տասը-տասնհինգ տարվա մեջ մենք որտեղ ենք եղել, դուք որտեղ եք եղել։ Որ նայում ենք՝ էդ ողջ ժամանակահատվածի մեկ երրորդը առնվազն դուք որոշում կայացնոնղների մեջ եք եղել։ Եթե էսօր մենք ունենք վատ ճանապարահներ, ունենք վատ կրթություն, ունենք ոչ լավ ճանապարհային նշաններ, այդ ամենը, բնական է, մի օրում չի
փոխվի, բայց դրա մասին խոսելիս կխնդրեի նաեւ ձեր արածը կամ չարածը նույնպես հիշատակել»։
 
Անդրադառնալով ընդդիմադիրների ակնարկներին, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունն ու իշպող խմբակցության պատգամավորներն ամեն ինչ ձախողում են, Թունյանը նկատեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների ընդհանուր փաթեթը գնահատված է 216 միլիարդ դրամ․
 
«94,4 մլրդ դրամի առաջարկներ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 38,5 մլրդ՝ «Բարգավաճ Հայաստանը», միայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի առաջարկները գնահատվում են 77,2 մլրդ դրամ։ Հիմա եթե 216 մլրդ դրամի ձեր առաջարկները ընդունվեն, պետբյուջեն կամ էդքան ավել փող պիտի գտնի, կամ ինչ-որ մի տեղի հաշվին կրճատի»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ եթե պատգամավորերի պնդմամբ բյուջեում այդքան վատ վիճակ է, տնտեսության մեջ ոչ մի լավ բան չի կատարվում, ո՞նց են ուզում գտնել այդ 216 մլդը։
 
Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քննադատությունների եւ կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ հնարավոր է՝ շատ բաների հետ համաձայն չլինեն, բայց այդ ամենը պետք է այսպես թե այնպես կատարվի․
 
«Ուղիղ մեկ տարի առաջ, հիշում եմ, գրեցի, որ առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Ես չէի պատկերացնում, որ երբեւէ կգամ ու էստեղ
կոչ կանեմ քվեարկել բյուջեի օգտին։ Հիմա մեկ-մեկ նայում եմ՝ էս ընթացքում ինչ աշխատանք ենք կատարել, ու մարդիկ կան մինչ էս պահը ինչ են արել, ու մեր խոսելու տարբերությունն եմ նայում, ինձ մոտ տպավորություն է, որ մեր երկրի տնտեսական խնդիրների մեծագույն մասի պատճառը ես եմ»,- ասաց Թունյանը՝ խնդրելով դուրս գալ մեղադրական տոնից եւ չփորձել ամեն ինչ միայն վատ գույներով ներկայացնել։
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար