Ամեն հայ պետք է ապրի Հայաստանով. Փաշինյանը հանդիպեց Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20-11-2019 16:12:33   | Իտալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է համաձայնեն գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում: Անհրաժեշտ է ունենալ մրցակցային կրթություն և գիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
 


 «Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է, այն ունի հսկայական գիտական ժառանգություն և դարձել է գիտական տաճար: Այն քաղաքական ուժի, որը ես ներկայացնում եմ, կազմած ծրագրի հիմքում ինքնության պահպանումն ու զարգացումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ, ըստ էության, շատ հաճախ պսպղան կարգախոսների ներքո, իրականում վնասում ենք մեր ինքնությունը, կորցնում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ ինքներս մեզ ամբողջական ճանաչենք, գնահատենք մեր ունեցած ներուժը: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունում դեռ շատ հետազոտելու նյութեր կան: Եվ դրանք կարող են լինել հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը նկատեց, որ իր գործնական այցերի ժամանակ
հիմնականում ներառում է հայ համայնքի հետ հանդիպումը: Նա ընդգծեց, որ կառավարությունը խնդիր է ձևակերպել հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլ՝ համայն հայության:
 
«Հայաստանը հայ ժողովրդի պետությունն է: Ամեն հայ, անկախ նրանից ապրում է Հայաստանում, թե ոչ, պետք է ապրի Հայաստանով: Հեղափոխության օրերին մեծ էր համայն հայության աջակցությունը: Այդ օրերին մեծ թվով նամակներ էի ստանում Մեքսիկայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Կենտրոնական Ասիայում կազմակերպված աջակցության տարբեր միջոցառումների վերաբերյալ: Եվ դա պարզապես նամակագրություն չէր, այլ տեղի էր ունենում համահայկական գործընթաց: Այսօր այդ իրավիճակը չի փոխվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա ազգային օրակարգ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր իրենց առաջարկած ազգային օրակարգը չի համընկնում որոշ շրջանակների պատկերացումներին, որովհետև տարիներ շարունակ այդ ձևակերպման ներքո ոմանք Հայաստանում հաստատել են կոռուպցիոն կարգեր: Հարմար տանիք են ձևավորել հարստություններ կուտակելու, կրթական համակարգի որակը գցելու համար:
 
«Կրթության որակն այն աստիճան գցելու, որ Հայաստանում, ըստ էության, չկան մրցունակ բուհ, մրցունակ ֆակուլտետներ: Այսօր տարբեր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալության խնդիր: Ահա այդ խնդիրները
պետք է լուծենք: Իրոք, գիտությունը, կրթությունը շատ կարևոր է մեր ինքնության համար: Մենք չպետք է համաձայնենք գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  
 
Նոյեմբերի 20-ին Վենետիկից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:  Նա օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո մեկնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին վերջին օրերին քաղաքը ցնցած ջրհեղեղից հետո:
 
Շանթ Խլղաթյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար