Նարինե Խաչատուրյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

20-11-2019 18:31:12   |   |  Մշակույթ
Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ:
 


Ն. Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում սկիզբ դնել բարեփոխումների՝ հիմնվելով համընդհանուր արժեքների` խաղաղության, ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատ
ությունների վրա: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կանանց, երիտասարդների ներգրավումը մշակութային քաղաքականության մշակման գործընթացում: Անդրադարձել է նաև «Իմ արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում հայտնի արվեստագետներն, արվեստաբաններն ու փորձագետները, այցելելով դպրոցներ, իրենց փորձն են փոխանցում դպրոցականներին` կրթելու ստեղծագործ երիտասարդություն:
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև սահմանափակ կարողություններով անձանց ազատ ստեղծագործելու և մշակութային կյանքին մասնակցություն ունենալու հնարավորության ստեղծումը` ինչն ապահովում է բազմազանությունը, ներառականությունը և ազատությունը մշակույթի ոլորտում: Կարողությունների զարգացման նպատակով կանանց համար կազմակերպվում են աշխատաժողովներ, սեմինարներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների, մասնավորապես` Սիրիայից հայրենիք վերադարձած կանանց համար»,- նշել է Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ կինոարտադրության բնագավառում նաև հնարավորություն է ընձեռվում մեկտեղել մասնագետների և կինոարտադրողների հնարավորությունները, իսկ ՏՏ ոլորտում այս տարի Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունում հաղթել են երկու նախագիծ` Սոլակ-1 և Թումո ստեղծարար կենտրոնի  սաների իրականացրած հետազոտական աշխատանքները:
 
Ն. Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ միջմշակութային երկխոսության միջոցով նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանը:
 
Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Ստիլիանի Մանդոննի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան
Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական բարեկամության վրա հիմնված միջմշակութային երկխոսության խորացման և ընդլայնման, մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի կարևորությունը` որպես հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար