Կարող է կրկին քննարկվել դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը

21-11-2019 15:43:52   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կրկին կարող է քննարկել դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը:
 


 
 Այս մասին տեղեկանում ենք  Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից:
 
Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
 
Ավելի վաղ, պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել էր, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին:
 
Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի
սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:
 
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998 թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների
շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 576 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար