Աջ ղեկով մեքենաների ղեկային համակարգը կփոխարինվի Հայաստանում

05-12-2019 17:48:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Աջ ղեկով մեքենաների ղեկային համակարգը կփոխարինվի Հայաստանում 
 
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Վերամշակում ներքին սպառման համա» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել «թեթև մարդատար ավտոմոբիլների» տողով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը նշել է, որ  նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Այնուհետեւ մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:
 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ  ընդհանրապես արգելվել էր աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը: Արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում են փոխարինել աջակողմյան ղեկային համակարգը ձախակողմյանի: 
 
«Այդ քաղաքացիները ստիպված շատ են մեծ գումար ծախսել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն, բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է կառավարության ղեկավարը`արձանագրելով, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, իսկ շահագործելու դեպքում տուգանքներ կլինեն: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին ու հույս հայտնել, որ այն չի չարաշահվի: 
 
Հարցի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի շահագիգիռ փոխանակություն, ներկայացվել են  կարծիքներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական որոշում կայացնելու համար  մանրամասն ուսումնասիրել հարցը՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները:  
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կառավարության նախաձեռնության՝ «կադրերի բանկի» միջոցով։ «Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են: Սկզբնական շրջանում մենք խնդիր ունեինք ահռելի քանակությամբ ինֆորմացիայի մշակման հետ կապված: Հիմա արդեն նաև մեխանիզմ ենք ստեղծել, թե ինչպես պետք է այդ համակարգն աշխատի»,-ասել է վարչապետը: 
 
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ԱԺ նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարել  Ազգային ժողովի արտահերթ նիստ: 
 
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի ՀՀ 2005 թ. հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական ներգործության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» համապատասխան որոշման կիրառելիությունը որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված բոլոր դեպքերի համար, շտկել տեխնիկական վրիպակները: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգը  կիրառվում է մի շարք դեպքերում, այդ թվում՝ ՀՀ օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար: Սակայն պատճառված վնասի հաշվարկման բանաձևերը կիրառելի չեն խախտումների հետևանքով հայտնաբերված վնասի հաշվարկման համար, քանի որ դիտարկում են աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասի խախտման պահից մինչև հողամասը նախնական տեսքի բերելու պահն ընկած ժամանակահատվածները: Վերահսկողական գործառույթի իրականացման ժամանակ որոշել խախտման պահը հնարավոր չէ, կարող է ամրագրվել միայն խախտման հայտնաբերման պահը: Ըստ այդմ, մասնավորապես,  նախատեսվում է վերահսկողական գործառույթների շրջանակում կիրառելու նպատակով վնասի հաշվարկման բանաձևերում սահմանել աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասը նախնական տեսքի բերելու ժամանակաշրջանի հաշվարկման եղանակ:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար