Սերժ Սարգսյանի տարօրինակ պահանջը իշխանությանը

06-12-2019 14:14:16   | Հայաստան  |  Վերլուծություն
Տեսնենք, թե իշխանությունը քանի՞ գլխանի է, որ խանգարի Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում: Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացված, խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իշխանությանն անհանգստացրել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական աշխուժությունը: Նրա խոսքով, ծրագրում էին այցեր տարբեր մայրաքաղաքներ, կարեւոր պետական օրակարգերով: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ շարունակելու են դրանց նախապատրաստումը, եւ տեսնենք, թե իշխանությունը «քանի գլխանի է, որ արգելի»:
 


ՀՀԿ փոխնախագահը փաստորեն հայտարարում է իշխանությանը մարտահրավերի մասին, որ պատրաստվում է նետել ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը:
 
Եթե պատկերացնենք, որ կատարվում է այն, ինչ ասում է Արմեն Աշոտյանը, ապա մեծ հավանականությամբ հետեւանքը լինելու է Սերժ Սարգսյանի ձերբակալությունը՝ եթե նա փորձի խախտել չհեռանալու մասին խափանման միջոցը: Իհարկե, նրան կարող են պարզապես արգելել դուրս գալ Հայաստանից՝ խափանման միջոցը չփոխելով:
 
Բայց, ակնառու է, որ ՀՀԿ-ն մարտահրավեր է նետում, որը կարող է որպես հետեւանքային վարկած ավարտվել նաեւ ձերբակալությամբ:
 
Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին ամիսներ առաջ
խոսեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա հայտարարեց, թե իշխանությանը մնացել է ձերբակալել Սարգսյանին, եւ դա տեղի կունենա մոտ ապագայում: Հետո դրա մասին խոսեց արդեն Սերժ Սարգսյանը, շաբաթներ առաջ հայտարարելով, որ մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, եւ պատրաստ է ձերբակալվել, եթե դա կերջանկացնի հանրությանը:
 
Շաբաթներ անց Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել, սակայն ոչ թե մարտիմեկյան գործով՝ ինչի մասին հնչում էին տարբեր բաց եւ լատենտ հարցադրումներ, ընդ որում ոչ միայն հանրության, այլ նաեւ այդ գործով «գլխավոր մեղադրյալ» երկրորդ նախագահի շրջանակից, այլ դիզվառելիքի սուբսիդավորման: Իսկ խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, ոչ թե ձերբակալությունը: Նույնիսկ կա տպավորություն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքն ու խափանման միջոցը ընտրվել է Ռոբերտ Քոչարյանին նյարդայնացնելու համար:
 
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ձերբակալության կամ ազատության հարցը չափազանց լուրջ քննարկումների առարկա է նախկին իշխող համակարգի ներսում,
որտեղ դեռ շատ երկար են հարաբերություն պարզելու միմյանց հետ: Դրանով է թերեւս պայմանավորված նաեւ, որ Սարգսյանն ինչ որ բան ապացուցելու կամ ինչ որ կասկածներ ու դրանից բխող ցրելու համար փափագում է ձերբակալվել:
 
ՀՀԿ փոխնախագահի խոսքը փաստացի կալանքի պահանջ է, որ իշխանությանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1514 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար