Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

06-12-2019 14:51:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: 
 
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստից:
 
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր-բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության և բիզնես դասընթացներ,
ներդնել Սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ Ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների: Նախատեսվում են նաև մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները: Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն և միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները: 
 
Անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին: Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատանքներ: 
 
Անդրադարձ է կատարվել նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ոլորտներում արդյունավետ ծրագրերի ու զարգացմանը միտված կոնկրետ քայլերի իրականացումը:
 
Քննարկվել է նաև Ազգային անվտանգության ծառայության 2020 թ. պետական բյուջետային հատկացման հայտը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1056 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար