Քրեակատարողականներում սննդի մատակարարման հարցը նոր վերլուծությունների կարիք ունի

11-12-2019 13:33:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալներին և կալանավորներին սնունդ հատկացնելու մեխանիզմները բավականաչափ արդյունավետ չեն։
 
Ինչպես պարզ է դառնում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբին տրամադրված տվյալներից, ոլորտում առկա են որոշակի բացեր, որոնք կարող են խանգարել ՔԿՀ-ներում սննդի մատակարարման արդյունավետության բարձրացմանը։
 
Այսպես, ՀՀ ԱՆ-ից Դիտորդների խմբին տրամադրված փաստաթղթից պարզ է դարձել, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին հասցեագրված հանձնուքների քանակների և տեսակների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում վիճակագրություն չի տարվում: Այնինչ, նման վիճակագրությունը կարող էր օգնել հասկանալու սննդով ապահովելու հարցում առկա թերացումները և կատարելու անհրաժեշտ ճշգրտումներ։
 
Բացի սա, պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի թափոնների հաշվառում նույնպես չի տարվում,
և թափելու կամ իրացնելու որևէ ընթացակարգ չի կիրառվում: Այսինքն, չի վերլուծվում այն տեղեկատվությունը, թե սննդի հատկապես որ տեսակներն են, որ չեն սպառվում, ինչ ծավալներով և ինչու, ուստի բացակայում են այն վերլուծական տվյալները, որոնց միջոցով ևս հնարավոր կլիներ բարելավել ընդհանուր իրավիճակը։
 
Սննդի խնդիրները ՔԿՀ-ներում
 
ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի՝ 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության համաձայն, խնդրահարույց են ազատազրկված անձանց սննդի բազմազանություն, թարմ բանջարեղեն ու մրգեր հատկացնելու հարցերը, ինչպես նաև քրեակատարողականներում ճաշերի պատրաստման խոհանոցային պայմաններն ու հնարավորությունները: 
 
Հենց ազատազրկված անձանց կողմից սննդի վերաբերյալ հնչեցված բողոքները նույնպես կապված են եղել սննդի որակի, տրամադրվող սննդի բազմազանության բացակայության և մրգերի ու վիտամիններով հագեցած սննդատեսակների բացակայության հետ:
 
Դիտորդների խմբի ներկայացրած առաջարկությունների համաձայն, Հայաստանի որոշ քրեակատարողական հիմնարկների ճաշարաններն ու խոհանոցներն անհապաղ վերանորոգման և նոր սառնարանների կարիք ունեն։ 
 
Բացի սա, դիտորդներն առաջարկում են ՔԿՀ-ներում այնպես կազմակերպել սննդի մատակարարումը, որ սննդատեսակների ավարտը բացասաբար չանդրադառնա սահմանված ճաշատեսակների պատրաստման վրա: Բացի սա, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել դիետիկ սննդի կարիք ունեցող անձանց հարցը։
 
Այս խնդիրների լիարժեք լուծումը, սակայն, կարող է իրականացվել ՔԿՀ-ներում սննդի ապահովման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեծացնելու միջոցով։ 
 
Մասնավորապես, անհրաժեշտ են նոր վիճակագրություններ
և այդ վիճակագրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների վերլուծություններ, որոնք կօգնեն էապես բարելավել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց տրամադրվող սննդի որակը և ըստ այդմ էլ՝ նվազեցնել ոլորտի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար