Պոլսի պատրիարքի ընտրությունը մի նոր ճգնաժամի սկիզբ է

11-12-2019 18:52:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 


Ինչպե՞ս եք գնահատում Պոլսո Պատրիարքի ընտրությունը։ Սպասելի՞ էր,
որ կհաղթի Սահակ Մաշալյանը, և ինչ սպասել այս ընտրություններից՝ հաշվի առնելով, որ նախկինում նշել էիք, որ սա ընտրություն է վատի և վատթարագույնի միջև։
 
Նախ, ուզում եմ նկատել, որ այս ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցեց համայնքում անառողջ մթնոլորտի և այդ մթնոլորտի շարունակականության մասին, քանի որ բավական թվով բոյկոտի կողմնակից մարդիկ կային։ Նրանցից մեկն էլ պատգամավոր Կարո Փայլանն էր, որը հայտարարեց, որ ոչ միայն չի մասնակցելու ընտրություններին, այլև ընտրված պատրիարքին չի համարելու իր պատրիարքը։ Սա խոսում է նաև մի նոր ճգնաժամի սկզբի մասին, որի պատճառն այն է, որ հոգևորականները, այդ թվում նաև իմ կողմից շատ հարգված Սահակ Մաշալյանը, փաստորեն մաս կազմեցին թուրքական իշխանությունների սցենարին։ Մասնակցելով այս ընտրություններին, նրանք, ըստ էության, լեգիտիմացրին կանոնադրության խախտումը և իրենց հոգևոր եղբայրների, այլ եպիսկոպոսների իրավունքների ոտնահարումը։
 
Իսկ Սահակ Մաշալյանի ընտրությունը, չնայած ես որպես հավատացյալ երևի սխալ եմ անում, որ հոգևորականներին նման ձևակերպման մեջ եմ տեղավորում, բայց ամեն դեպքում, համայնքի համար այս ընտրությունը մրցակցային չէր։ Նրանք պետք է ընտրեին Աթեշյանի, որի գործունեությանը ծանոթ էին, և Մաշալյանի միջև, որի գործունեությանը շատ ծանոթ չէին։ Այսինքն այո, կարող ենք ասել, որ ընտրությունը վատի և վատագույնի միջև էր։ Նաև բացատրությունը և արդարացումը Մաշալյանի և մյուսների այն էր, որ եթե հիմա էլ ընտրությունները չկայանան, տապալվեն և այլն, ապա թուրքական իշխանությունները տարիներ շարունակ կհետաձգեն ընտրության հարցը, քանի թույլ են տվել, եկեք պատրիարքին ընտրենք, վերջացնենք։ Այս տրամաբանությամբ են առաջնորդվել։ Բայց ես հիմիկվանից կարող եմ ասել, որ Մաշալյանն ունի լեգիտիմության որոշակի պակաս, քանի որ նա մասնակցել է իշխանությունների գծած սցենարի կատարմանը, մասնակցել է ընտրություններին եկեղեցական կարգի խախտմամբ։
 
Շատ է խոսվում այն մասին, թե պատրիարքի ընտրությունն ինչ կփոխի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, որ կարող է նոր պատրիարքը կամուրջ դառնալ։ Ընդհանրապես, նման սպասելիքները որքանո՞վ են արդարացված։ Որքանով կարող ենք Մաշալյանից ավելին սպասել, քան Աթեշյանից։
 
Օբյեկտիվորեն, այո, պատրիարքությունը կարող է դառնալ կամուրջ, մանավանդ որ հոգևորականները հայկական իրականությանը հնարավորություն ունեն ավելի մոտիկից ծանոթ լինելու։ Մաշալյանի պարագայում նաև այն հանգամանքը, որ նա մի քանի տարի ծառայել է  Էջմիածնում, ծանոթ է հայաստանյան իրականությանը, միգուցե նրան օգնի որոշակի դեր խաղալու համար։ Բայց մենք, ցավոք, ծանոթ չենք և ականատես չենք եղել Մաշալյանի կազմակերպչական, դիվանագիտական հմտություններին։ Հայաստանի և Թուքիայի միջև կամուրջի դեր խաղալու և երկկողմ բարդ խնդիրներում երբեմն նաև համարձակ քայլեր անելու նրա հնարավորություններն ու հակվածությունը մեզ ծանոթ չեն։ Երևի թե ժամանակը ցույց կտա, թե նա որքանով է  պատրաստ այդ դերին։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, պատրիարք ընտրվելուց ավելի բարդ է պատրիարքի գահը ճիշտ պահելը և էլ ավելի բարդ է պատրիարքական այդ ծանր բեռը տանելը։ Հետևաբար, պատրիարք Մաշալյանը բավական ծանր բեռ վերցրեց։ Դա նման է քաղաքականությանը, երբ մարդիկ ձգտում են պաշտոնի՝ շատ չգիտակցելով այդ պաշտոնի բեռն ու ծանրությունը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել Մաշալյանին, որպեսզի նա բացի հոգևոր գործառույթներից, կարողանա այդ բարդ խնդիրներին նույնպես դրական մոտեցում ցույց տալ։
 
Որքանո՞վ Սահակ Մաշալյանը թուրքամետ կամ հայամետ դիրքորոշում ունի, որովհետև Արամ Աթեշյանն ընդգծված թուրքամետ գիծ էր առաջ մղում և մեկ անգամ չէ, որ Մայր Աթոռի քննադատությանն է արժանացել։
 
Թուրքիայում ապրող հայից, այն էլ հոգևորականից ակնկալել, որ հայամետ կամ հայաստանամետ լինի, կարծում եմ՝ իրատեսական չէ։ Կարծում եմ՝ Մաշալյանը նույնպես շարունակելու է այն գիծը, որը եղել է նաև նախկինում։ Այսինքն չի կարողանալու ըմբոստանալ և Թուրքիայի պետության, իշխանությունների դեմ ընդգծված հակաքայլեր անել։ Միգուցե, մենք մինչև հիմա ականատես չենք եղել, թե Մաշալյանը ինչպես է իրեն դրսևորում
բարդ իրավիճակներում, նաև ինչ մեկնաբանական տերմիններով կարող է հանդես գալ կամ նամակ գրել, ելույթ ունենալ, այն, ինչ տեսել ենք Աթեշյանի պարագայում։ Դրա համար ժամանակը ցույց կտա, թե նա որքանով կարող է մանևրել։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Մաշալյանը տեղավորվելու է թուրքական պետական գծած սահմաններում, և Մաշալյանի դիվանագիտական հմտությունները, որոնք գոնե մինչև հիմա չեն դրսևորվել, իրեն շատ պետք են գալու նաև հայկական ընդհանուր միջավայրում իր հեղինակությունը պահպանելու համար, ինչը բավական բարդ է Պոլսո պատրիարքի համար։ Շատ մոտ ապագայում դրա օրինակները մենք կտեսնենք։ Ես մաղթում եմ, որ նա կարողանա հաջողության հասնել, չնայած շատ լավատես չեմ։ Հոգևոր խնդիրների մասով Մաշալյանը փայլուն վերլուծություններ է անում, բայց քաղաքական, դիվանագիտական հարթության մեջ նրա ելույթները, կարծում եմ՝ բավականին խոցելի կարող են լինել։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 951 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար