Քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները

24-01-2020 19:15:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


      Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է
ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:
 
Անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Հաշվի առնելով այն էական դերակատարումը, որ մարզպետարաններն ունեն հանրապետության տարբեր շրջաններում այս ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելու, կարիքները գնահատելու հարցում, ինչպես նաև այն, որ առաջին ձեռքից ինֆորմացիան ստացվում է հենց մարզպետարաններից ու համայնքապետարաններից, մեր մասնակցությունը այս գործընթացում կարևորվել է, և մենք պատրաստակամություն ենք հայտնել ներգրավվել համատեղ աշխատանքներում»:
 
Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է թեմային առնչվող մի շարք հարցերի՝ նշելով, որ կարևոր է ձևավորել համընդհանուր ընդունելի տեսակետ, որն առաջ շարժվելու հիմքն է լինելու առաջիկայում։ «Մենք կհայտարարենք այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու ենք որոշումները կայացնելու համար: Առաջարկում եմ հստակ թվարկել սպանդանոցային գործունեություն ծավալով տնտեսվարող սուբյեկտներից մեր ակնկալիքները, նրանց առաջադրվող պահանջները՝ ձևավորելու այն իրավական շրջանակը, որը կգործի պետության, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն ծավալողների միջև հարաբերություններում։ Եթե մեր պահանջները հասկանալի և ընդունելի լինեն տնտեսավարողների համար, ապա ունենք երաշխիք, որ երկարաժամկետ հեռանկարում էական խնդիրներ չեն առաջանա, և այս պարագայում ֆերմերներին էլ կհավաստիացնենք, որ անհաղթահարելի դժվարություններ նրանց համար չեն ստեղծվի»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:
 
Կառավարության անդամները գործընկերների ուշադրությունն են հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման, անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր և շարժական սպանդանոցների հասանելիության ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցների կառուցմանն և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի և վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին դիտարկել այդ ծրագրերը որոշակի փոփոխության ենթարկելու հնարավորությունները՝ պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
 
Ընդգծվել է նաև հանրության հետ ինտենսիվ շփումների անհրաժեշտությունը. տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին և շահառու
բոլոր խմբերին մասնակից դարձնել գործընթացին, կառուցողական քննարկումներ անցկացնել վերջիններիս հուզող հարցերի շուրջ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրելով սպանդանոցային մորթի իրականացման մեխանիզմներն ու դրա համալիր ազդեցությունը շահառուների վրա:
 
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների միջև ստորագրված հուշագրի համաձայն նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 և ավելի կենդանիները տեղափոխել անվճար, կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար