Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

22-02-2020 11:56:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հրապարակային բանավեճն, իհարկե, լայնորեն քննարկվեց եւ շարունակում է քննարկվել հանրության բոլոր շերտերում: Այդպես էլ պիտի լիներ, պարզապես ապշեցնում է այդ քննարկումների պարզունակությունը, որով ամեն ինչ հանգեցվում է «ով ում պորտը տեղը դրեց» հարցին: Թեեւ դա նույնպես հասկանալի է: Նման հրապարակային բանավեճերի ժամանակ ամեն հայ մտովի իրեն դնում է պետության ղեկավարի տեղը ու մտածում, որ այ՝ Փաշինյանի փոխարեն ինքը ոչ թե Տիգրան Մեծից կխոսեր, այլ Հայասայից կամ Արտաշես Առաջինից, կհամեմատեր «կոկա-կոլայի»  եւ ադրբեջանական պետության տարիքները, գրպանից կհաներ Վիլսոնի քարտեզն ու «կշըպպացներ» Ալիեւի դեմքին, եւ այլն: Ինչեւէ: Անգամ այս որակի քննարկումների եզրակացությունը գրեթե միանշանակ է՝ «մեր վարչապետն Ալիեւի պորտը տեղը դրեց»:
 


Իրականում հասկանալի է, որ որեւէ հակամարտության ելք առանձնապես կախված չէ հակամարտության կողմերի ղեկավարների պերճախոսության մակարդակից (թեեւ
դա նույնպես կարեւոր է): Առանձնապես հաճելի չէր նաեւ տեսնելը, թե ինչպես է միջազգային հանրությունը երկու երկրների ղեկավարներին դրել այն բռնցքամարտիկների վիճակում, որոնց ստիպում են ռինգ մտնելուց առաջ կանգնել տեսախցիկների առջեւ ու նայել միմյանց աչքերի (լավ իմանալով, որ իրականում ամեն ինչ որոշվելու է րոպեներ անց՝ ռինգում): Բայց փաստն այն է, որ կոնկրետ այդ «Հայացքների մենամարտում» վարչապետ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ արեց եւ հստակ ուղերձներ հասցրեց միջազգային հանրությանը:
 
Առաջին՝ Լեռնային Ղարաբաղը եւ՛ հակամարտության կողմ է, եւ ՛բանակցությունների, ու առանց ԼՂ հետ բանակցելու հնարավոր չի լինելու կարգավորել
հակամարտությունը: Ընդ որում՝Փաշինյանը սա հիմնավորեց նաեւ միջազգային փաստաթղթերով (բիշքեկյան հրադադար, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողով) ու դրանով իսկ ծուղակի մեջ ներքաշեց Ալիեւին: Վերջինս ստիպված էր որպես հակափաստարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, իսկ դրանցում (ուշադրություն) արձանագրված է, որ այդ տարածքները գրավել է ոչ թե Հայաստանը, այլ  «տեղի հայկական ուժերը», այսինքն՝ ԼՂ բանակը: Հետեւաբար՝ եթե Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ տարածքները, պիտի պահանջի ԼՂ իշխանություններից, այլ կերպ ասած՝ բանակցի նրանց հետ:
 
Երկրորդ՝ Փաշինյանն արձանագրեց, որ այդ տարածքներն ադրբեջանական կողմի համար են տարածքներ, իսկ հայկական կողմի համար դա անվտանգության խնդիր է, Ղարաբաղն էլ իր անվտանգության հարցում զիջումներ չի անելու, այսինքն՝ զիջելու բան չունի:
 
Երրորդ՝ երկխոսության ընթացքում Փաշինյանը հերթական անգամ խոսեց կարգավորման՝ նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին, իսկ Ալիեւն այդպես էլ սիմետրիկ հայտարարություն չարեց՝ դրանով իսկ ի տես միջազգային հանրության բացահայտելով, որ ապակառուցողական կողմը հենց իրենք են:
 
Չորրորդ՝ ինչպես հայտնի է, քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարության եւ ընդհանրապես՝ միջազգային քաղաքականության հիմքում մարդն է: Երկխոսության ընթացքում Փաշինյանը խոսում էր մարդու մասին, Ալիեւը՝ տարածքների, եւ միջազգային հանրությունը, վստահաբար, ընկալեց սա ու արձանագրեց կողմերի «քաղաքակրթական տարբերությունը», թեեւ այդ մասին բարձրաձայն խոսելն ընդունված  չէ:
 
Մի խոսքով՝ Մյունխենում միմյանց «պորտը տեղը դնելու» խնդիր չկար: Մեր խնդիրն էր՝ միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում որտեղ է Ադրբեջանի «պորտը», եւ որտեղ է մերը, ու մեծ հաշվով՝ դա մեզ հաջողվեց:
 
Հ. Գ. Ինչ վերաբերում է քարոզչական արձագանքներին, ապա ընդամենը արձանագրենք, որ «հայկական կողմի պարտության» մասին մեծ ոգեւորությամբ խոսում են բացառապես ադրբեջանցիներն ու ՀՀԿ-ականները: Մեկնաբանություններն ավելորդ են:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 830 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար