Պարզվեց, որ ամենածանր թվացողն ամենահեշտն էր. Փաշինյանի մյուս քայլը

14-08-2020 09:52:31   | Հայաստան  |  Վերլուծություն
Կառավարության օգոստոսի 13-ի նիստում վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն, անդրադառնալով գործարարության վարքագծին եւ մասնավորապես հարկային պարտավորության հանդեպ վերաբերմունքին, նշել է, թե ճգնաժամի պայմաններում գործարարները մեծ ակնկալիքներ են ունենում բյուջեից, սակայն ոչ ճգնաժամային պայմաններում չեն ցանկանում բարեխղճորեն կատարել բյուջեի հանդեպ իրենց պարտավորությունը: «Եվ խնդիրներն ավելի խորն են, քան մենք երբևէ պատկերացրել ենք», հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
 


Հայտարարությունը հնարավոր է բնորոշել անգամ
որպես մոգական՝ խնդիրներն ավելի խորն են, քան պատկերացրել ենք երբեւէ:
 
Ընդհանրապես, պարզվեց, որ տարիներ շարունակ ամենից դժվար ու բարդ թվացող հանգամանքը՝ իշխանության փոփոխությունը հանրային կամքով, ամենից դյուրինն էր, իսկ ամենից դյուրին թվացողը՝ բավական է փոխել վատ իշխանությանն ու ամեն ինչ կփոխվի, պարզվեց` ամենից բարդն է:
 
Դյուրին եւ բարդ հանգամանքների այդ բնորոշումը գուցե ծայրահեղացված է թվում, սակայն նա, ով հայտնվում է Հայաստանի ղեկին, «ծանոթանում» է այն գուցե հարազավոր նրբերանգներին, որոնք տեսանելի եւ շոշափելի չէին դրսից եւ ըստ այդմ
չէին տալիս իրավիճակի վերաբերյալ համարժեք պատկերացում:
 
Ամբողջ հարցն այն է, թե ինչ եզրակացություն է անում Նիկոլ Փաշինյանը այդ հանգամանքը արձանագրելով, որ խնդիրներն ավելի խորն են, քան պատկերացնում էին երբեւէ: Դա նշանակու՞մ է, որ այդ խնդիրները լուծելու համար պետք է փոփոխություն կառավարման համակարգում, ընդհանրապես կառավարող մեծամասնությունում: Ընդհանրապես առաջանում է հարց՝ ըստ վարչապետի, կառավարող մեծամասնությունն իր ներկայիս կազմով, բովանդակությամբ համարժե՞ք է  խորը խնդիրները լուծելու համար անհրաժեշտին, թե՞ կա էական փոփոխության կարիք՝ թե կադրային, թե բովանդակային:
 
Արդյոք Նիկոլ Փաշինյանը հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ ազդարարում է այդ խնդրի առկայությունը եւ նախանշում այդ ուղղությամբ հնարավոր գործընթաց, որն անհրաժեշտ է կառավարման արդյունավետությունն էապես բարձրացնելու համար:
 
Միեւնույն ժամանակ, խնդիրը լոկ կառավարման արդյունավետության դաշտում չէ, այլ նաեւ հանրային մտածողության: Որովհետեւ հասարակության ամենատարբեր շերտեր տարբեր կերպ են պատկերացնում այդ խորը խնդիրներն ու ըստ այդմ ձեւավորում պահանջներ, որոնք հաճախ հնարավոր չէ կատարել ձեռքի մեկ շարժումով կամ անգամ ամենաարհեստավարժ թիմով:
 
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում է մոտենալ հանրության հետ այդ հարցերի վերաբերյալ խոսակցության, ծավալում է այդ խոսակցությունը տարբեր առիթներով, սակայն մինչ այժմ ձեւավորված չէ հանրային կամ քաղաքացիական պայմանագիր հանրության հետ՝ նոր Հայաստանի գաղափարաբանության եւ բովանդակության շուրջ: Այն ըստ էության շարունակում է օդում թեւածել լոկ «մերժիր Սերժին» տրամաբանությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 791 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար